Հերմինե Նաղդալյանի նման մեկը, ով պիտի նստեր տանը և տոլմա փաթաթեր, Եվրոպայի խորհրդարանում Հայաստանն է ներկայացնում». Սարգիս Հացպանյան Nyut
2017-01-24 14:29:00

 

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը կարծում էր, որ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պետք է ակցիաներ լինեին և աշխատողներին թույլ չտրվեր մտնել իրենց աշխատավայրեր:

Պատճառն այն է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվելու երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով, որոնցից առաջինի հեղինակը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերն է, երկրորդինը` Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը:

«Իբրև իրավական ակտ` այս զեկույցները զուգարանի թղթի արժեք ունեն, բայց կդառնան հերթական անհեթեթ թուղթն Ադրբեջանի ձեռքին, ինչը նա կօգտագործի որպես քարոզչական գործիք և կարդարացնի իր ռազմական գործողությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ս. Հացպանյանը` կարծիք հայտնելով, որ այդ զեկույցներն ամենայն հավանականությամբ տապալվելու են, բայց սա չի նշանակում, որ անհանգստանալու տեղ չկա. «Եթե մարդիկ կարողացել են զեկույցներն օրակարգ մտցնել, քվեարկության դնել, պետք է ահազանգ հնչեցնենք»:

Բանախոսը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն անում այն, ինչ պիտի անեն. «Պետք է Սփյուռքի ներուժն օգտագործել, իշխանությունը պետք է հենվի իր ժողովրդի ներուժի վրա, սակայն այդ կապը չկա: ԵԽԽՎ-ում քվերակողները լավ պատմություն իմացող, ուսյալ մարդիկ են, և երբ մտնեն քվեարկության` իմանալով, որ դրսում 100 հազար մարդ սպասում է բանաձևի ընդունման-չընդունմանը, ինչքան էլ ճնշում լինի, ճիշտ կքվեարկեն: Բայց Հայաստանի իշխանությունները չեն կարող կազմակերպել այդքան մարդու բողոքի ակցիան, թեև միայն Ֆրանսիայում 700-800 հազար հայ է ապրում»,- նշեց Ս. Հացպանյանը` հավելելով, որ ինչքան էլ Ադրբեջանին հաջողվի քարոզչական դաշտում նման անհեթեթ իրավիճակներ ստեղծել, մենք պետք է այդ իրավիճակներից դուրս գալու ելքեր գտնենք. «Այս դեպքում ԵԽԽՎ-ն փորձում է քիթը խոթել ԵԱՀԿ-ի գործերի մեջ, և մենք կարող ենք գնդակը նետել ԵԱՀԿ-ի դաշտ և ուշադրություն գրավել այն հանգամանքի վրա, որ ԵԽԽՎ-ն մտնում է նրա բոստանը»:

Ս. Հացպանյանը ներկայացրեց, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ են մտցրել հակահայկական զեկույցները: Ռոբերտ Ուոլթերը, ում կինը թրքուհի է, ամիսներ առաջ ստացել է Թուրքիայի քաղաքացիություն և հայտարարել է, որ այլևս դադարում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելուց և արդեն թուրք է: «Հակահայկական զեկույցով հանդես գալու համար նա Թուրքիայի ամենագեղեցի, դրախտային վայրում` Բոդրում քաղաքում, մի ապարանք է ստացել, որը միլիոնավոր դոլարների հասնող կաշառք է: Նա այս ամբողջն անում է ոչ թե ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար, այլ պարզապես ծախված է»,- ներկայացրեց Ս. Հացպանյանը և անդրադարձավ մյուս զեկույցի հեղինակին. «Միլիցա Մարկովիչը վերջին երկու տարիներին Հյուսիսային Կիպրոս կատարած իր այցերի ընթացքում Թուրքիայի հանրապետության կողմից հյուրընկալվել է ամենաթանկարժեք հյուրանոցներում, իսկ նրա ընտանիքի անդամները թուրքիական միլիոնների շնորհիվ բիզնեսներ են դրել Եվրոպայում»:

Իսկ Պեդրո Ագրամունցը, ով նախագահելու է ձմեռային նստաշրջանը, Ս. Հացպանյանի խոսքով, ոչնչով աչքի չընկնող մարդ է իր երկրում, ով, սակայն, նախանցյալ տարի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հանդես է եկել «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» խորագրով զեկույցով և այնպիսի վարդագույն պատկեր է ներկայացրել, այնպիսի ժողովրդավար պետություն է ներկայացրել Ադրբեջանը, որ հարձակման է ենթարկվել Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության բոլոր կազմակերպությունների կողմից, որոնք հակադարձել են, որ Ադրբեջանում օարական 24 ժամ ոտնահարվում են մարդու իրավուքնները:

«Այս եռյակի ջանքերով է, որ այս երկու բանաձևերը քննարկվելու են, և սրան անդրադարձել են ոչ միայն եվրոպական թերթերը, այլև թուրքականները` նշելով, որ այս աստիճանի կողմնակալ, կաշառված, ճչացող բան Եվրոպայի պատմության մեջ երևի թե չի եղել»,- նշեց Ս. Հացպանյանը` ընդգծելով, որ եվրոպացիները եկել են ՀՀ, մի քանի հարկանի շքեղ շենքերում են տեղավորվել, մեզ էլ հորդորում են ժողովրդական արժեքներով շարժվել. «Պետք է ուղղակի նրանց առջև հայելի բռնել ու ասել` նախ ձեզ նայեք, այդ դո՞ւք չեք մի տան դիմաց մի ամբողջ ժողովրդի ճակատագիր խեղում»:

Վերլուծաբանին ուղղակի ապշեցնում է, թե ինչպես կարող է 600 հազար մարդու ցեղասպանության ենթարկած և տեղահանած պետությունն անպատիժ մնալ. «Մենք մի ամբողջ տարի կարող էինք ցնցել աշխարհին և մատնանշել, որ մենք ոչ միայն 1915թ-ին ենք ցեղասպանություն տեսել, այլև բոլորվին վերջերս` Սովետական միության փլուզման տարիներին:

Պատկերացնո՞ւմ եք` Եվրոպայում ինչ-որ մի մարդ տուն կորցնի, ի՜նչ դատ-դատաստաններ, փոխհատուցումներ կլինեն: Ինչպե՞ս է լինում, որ 660 հազար մարդկանց կորստի մասին ոչ մի իրավական ձևակերպում չկա մինչ հիմա»,- հարց բարձրացրեց նա և ինքն էլ պատասխանեց այդ հարցին. «Պատճառն այն է, որ ՀՀ իշխանություններն իրենց տեղում չեն և ցանկացած միջազգային կառույցում հայ ազգի շահերը չեն ներկայացնում: Շատ ավելի հայանպաստ կլիներ, եթե Սփյուռքի նախարարությունը ոչ թե գումարներ մսխեր ինչ-ինչ ծրագրերի վրա, այլ ուժեղացներ սփյուռքում լուրջ գործունեություն ծավալող կազմակերպությունները իր ողջ գործունեությունը ծառայեցներ: Օրինակ` պատկերացնո՞ւմ եք 550 հազար ադրբեջանահայ դիմում ներկայացներ Եվրոպայի մարդու իրավունքների դատարան: Սփյուռքն այժմ լճացած վիճակում է, բայց դրա մեղավորը ՀՀ իշխանություններն են»:

Անդրադառնալով ԱԳՆ-ի գործունեությանը` Սարգիս Հացպանյանը նշեց, որ այդ կառույցում 10-ից ավել մարդու է ճանաչում, որ որպես դռնապան էլ չեն կարող աշխատել, բայց ԱԳՆ-ում վարչությունների պետեր են: Մենք, բանախոսի կարծիքով, չունենք նաև միջազգային դիվանագիտություն. «ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը լավ է բնորոշել` Հերմինե Նաղդալյանի նման մեկը, ով մազերը բիգուդիով փաթաթած պիտի նստեր տանը և տոլմա փաթաթեր, Եվրոպայի խորհրդարանում ներկայացնում է Հայաստանը:

Եթե նայեք Եվրոպայի ցանկացած կառույցում Հայաստանը ներկայացնող մարդկանց կենսագրությունները և համեմատեք այդ կառույցում ներկայացված այլ երկրների պատվիրակների կենսագրությունների հետ, ամեն ինչ պարզ կդառնա»,- նշեց նա` հավելելով, որ երկու անգամ դժբախտություն է ունեցել որպես իրավունքների պաշտպանության ոլորտի գործիչ, որպես Ֆրանսիայի քաղաքացի Ստրասբուրգում գտնվել այն ժամանակ, երբ վեհաժողովյան քննարկումներ են եղել և տեսնել, թե ինչպես են մեր պատվիրակության 3-4 անդամներն անցկացնում իրենց ստրասբուրգյան օրերը. «Մարդիկ իրենց առևտրով էին զբաղված, կարծես Տավուշի մի գյուղից գնացած լինեին Գորիսի իրենց բարեկամի տուն հյուր: Սա է ՀՀ ներկայացնող մարդկանց կարգավիճակը»:

nyut.am

Այս նյութը դիտել են - 4124 անգամ