Ինչո՞ւ են խաբել Կարեն Կարապետյանին, Armtimes
2017-01-24 18:22:00

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չի դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Վարչության պետ Մնացական Բիչախչյանը, սակայն, մեր զրույցում ընդամենն ասաց, որ նման տեղեկանք ստանալու համար երեկվա դրությամբ ընդամենը 8 անձ է դիմել վարչություն, բայց չմանրամասնեց, թե ովքեր են նրանք՝ պատճառաբանելով, որ առանց այդ անձի համաձայնության իրավունք չունի նման տեղեկություն բացահայտել: Կառավարությունից նույնպես չհաջողվեց մեկնաբանություն ստանալ՝ վարչապետը դիմե՞լ է կամ ե՞րբ է դիմելու այդ տեղեկանքը ստանալու համար:

Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին ապրել է Ռուսաստանում, նա 2011-2016թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահը, իսկ 2012-2016թթ.՝ նաեւ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը: Բայց ՀՀ Սահմանադրությունն ու այլ օրենքները նրան չեն արգելել՝ նշանակվել ՀՀ վարչապետ: Այս դեպքում գործել է նախկին Սահմանադրությունը, իսկ 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրությամբ՝ վարչապետին եւ կառավարությանը վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն 2018-ին:

Ըստ այդմ, կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու եւ պատգամավորի թեկնածու լինելու համար պահանջվում է վերջին 4 տարվա ՀՀ մշտական բնակություն: Այդ տեղեկանքը ստանալու համար շուրջ 20 օր ժամանակ կա, եւ  կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակներում ընդգրկվող հարյուրավոր թեկնածուներ դեռ նոր պետք է դիմեն ոստիկանություն եւ ստանան այն:

Բիչախչյանը նաեւ հավելեց, որ թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների ու դաշինքների գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետ է սահմանել փետրվարի 6-16-ը, բայց եթե անգամ այդ օրերին էլ իրենց դիմեն, ապա իրենք 3 օրվա ընթացքում պարտավոր են տեղեկանքը տրամադրել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ իր հերթին հավելեց, թե քանի որ փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-16-ը, ապա իրենք այդ բոլոր օրերին էլ ընդունում են դիմումները, անկախ այն հանգամանքից, որ այդ տեղեկանքները կարող են փետրվարի 6-ից հետո էլ տրամադրված լինել:

Ավելին, նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե այդ փաստաթղթերում որոշակի անճշտություն կամ թերություն է հայտնաբերվում, ապա այն ուղղելու համար տվյալ թեկնածուին ողջամիտ ժամկետ է տրվում: Իսկ ողջամիտ ժամկետը, նրա ներկայացմամբ, 48 ժամի սահմաններում է: «Եթե հնարավոր չի լինում վերացնել թերությունը, նոր մերժում ենք: Բայց փետրվարի 26-ից հետո նման հնարավորություն չի տրվում, քանի որ մինչեւ 26-ը բոլորն արդեն պետք է գրանցված լինեն»,- ասաց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա արդեն կարելի է եզրակացնել, որ մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար նա ոստիկանություն չի էլ դիմի: Հատկապես որ հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում հայտարարել էր. «Վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ցուցակում չեմ լինի»:

Իսկ Կարապետյանը վարչապետ նշանակվելիս տեղյա՞կ էր, որ իր՝ վերջին 4 տարիներում ՀՀ-ում չբնակվելու հանգամանքը կարող է նման խնդիրներ առաջացնել: Եթե տեղյակ լիներ, դժվար թե վերը նշված հայտարարությունն աներ: Կամ էլ գոնե երկարաժամկետ աշխատելու վերաբերյալ հայտարարություններ չէր անի: Հատկապես որ 4 տարվա մշտական բնակության նույն պահանջը գործելու է նաեւ 2018թ. վարչապետի համար:

Ավելին, եթե Կարապետյանը նախապես հասկանար, որ ՀՀ-ում մշտական բնակություն չունենալն իր համար կարող է նման խոչընդոտներ հարուցել, դժվար թե համաձայներ անդամակցել ՀՀԿ-ին: Հատկապես որ կուսակցական դառնալը բացասաբար է ազդել նրա վարկանիշի վրա: Ընդամենը մեկուկես տարի վարչապետ նշանակվելու համար ինչո՞ւ նա պետք է նման զոհողության գնար: Չէ որ 2018-ից հետո պետական համակարգում լավագույն դեպքում նա կարող է նախարար նշանակվել, ինչին հաստատ չի գնա վարչապետի պաշտոնը թողնելուց հետո:

Տպավորություն է, որ իշխանությունները Կարեն Կարապետյանին երկարաժամկետ ու բարձր խոստումներով են ՀՀ բերել՝ նրա համար չբացահայտելով վերոնշյալ խնդիրը: Եվ արժե նշել, որ վարչապետի պաշտոնավարման սկզբնական շրջանի ոգեւորությունը սառեց, երբ հասկանալի դարձավ, որ չի կարող ընդգրկվել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում:

Այսպիսով, կրկին ամրապնդվում է այն տեսակետը, թե Կարապետյանին վարչապետ նշանակելը ՀՀԿ-ի համար ընդամենը նախընտրական մեծ ակցիա էր: Եվ իսկապես, Հովիկ Աբրահամյանի հրաժարականով եւ նրա նշանակումով մթնոլորտային զգալի փոփոխություն է տեղի ունեցել:

Հիշենք, թե ինչ լարված վիճակ էր «Սասնա ծռեր» խմբի գործունեությունից հետո: Կարապետյանը թուլացրեց այդ լարվածությունը եւ փոփոխությունների դրական սպասում առաջացրեց: Իսկ իր կենսագրության մեջ կավելացնի 1,5 տարի ՀՀ վարչապետ լինելու տողը:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1699 անգամ