Հարձակվել են ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա...
2016-01-14 22:47:00

Մի քանի օր առաջ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա եւ հարվածներ հասցրել նրան։ Նա, սակայն, ոստիկանություն չի դիմել։ Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հաճախ է հանդես գալիս սուր քննադատական բնույթի գրառումներով՝ ուղղված հիմնականում իշխանությանը։ Չի բացառվում, որ նրա վրա հարձակման պատճառը հենց այդ գրառումներից մեկը եղած լինի։ Մանավանդ՝ սա նրա վրա հարձակվելու առաջին դեպքը չէ։ Ենթադրություն կա նաեւ, որ հնարավոր է՝ Շուշան Պետրոսյանի հայտնի սկանդալից հետո նրա մասին կատարած իր գրառումներն են պատճառ հանդիսացել հերթական հարձակման համար։

Կարեն Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը, բայցեւ չէր ցանկանում այս պահին բարձրաձայնել. «Եթե ուզենայի ասել՝ կասեի, ուղղակի ինձ մոտ որոշ հարցեր կան դրա հետ կապված, դեռ չեմ ուզում հրապարակել»։ Հետո, այդուհանդերձ, պատմեց, թե ինչ է կատարվել։ «Աշխատավայրից դուրս եմ եկել, հարձակվել են վրաս՝ առանց ոչ մի բան ասելու, ու փախել են»,-ասաց նա՝ նշելով, որ վնասվածքներ շատ չեն պատճառել։ Ոստիկանություն էլ չի դիմել հետեւյալ պատճառաբանությամբ. «Ոստիկանություն անիմաստ է դիմել...»։

Հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ Շուշան Պետրոսյանի մասին http://usarmenianews.com/am-n-674.html կատարած գրառումներն իր վրա հարձակման առիթ հանդիսացած լինեին, Կարեն Հարությունյանն ասաց. «Նույն օրն է եղել, բայց ես չեմ կարծում, որ էդպես օպերատիվ մի բան անեին, էն էլ ինչի համար, ընդամենը իր գրածն եմ դրել պատիս, եսիմինչ չի եղել։ Չգիտեմ՝ իմ հետ կապված շատ բան կարող է լինի, քաղաքական պատճառ պիտի լինի, իհարկե, անձնական ոչ մի թեմա չունեմ»։ Նա նշեց, որ վերջին շրջանում ինքը հաճախ է տարբեր մարդկանց ու թեմաների մասին գրել իր էջում, անդրադարձել դրանց, եւ հնարավոր է՝ փորձեին ուղղակի լռեցնելու համար այս հարձակումը կազմակերպել, իսկ թե կոնկրետ ով կարող է կազմակերպած լինել, դժվարանում է ասել։

«Կարող է, օրինակ, վերջերս, որ Սյուզիին ծեծել էին, ընդհանուր դաշտի վրա ներգործելու համար անեին, դրա հետ կապված լիներ, չգիտեմ... ընդհանրապես ոչ ինձ բան են ասել, ոչ էլ ինչ-որ նշան են տվել, որ բան հասկանամ»,-ասաց նա։ Խոսքն ակտիվիստ Սյուզի Գեւորգյանի նկատմամբ հունվարի 5-ին կիրառված բռնության մասին է։ Ինչ վերաբերում է իր ֆեյսբուքյան գրառումներին, ակտիվիստը նշեց, որ վիրավորանք կոնկրետ մարդկանց հասցեին, որպես կանոն, չի գրում, ավելի շատ ինչ-որ թեմաների է անդրադառնում, վերլուծում. «Որ ասեմ՝ վիրավորանք-բան, էդ էլ չէ․․․ չնայած՝ ոմանք դա որպես վիրավորանք են ընկալում, բայց... դե, պատիս դրած են դրանք, չեմ էլ թաքցնում։ Սեյրան Օհանյանի հետ կապված էլ որոշ թեմաների անդրադարձել եմ՝ ոչ անձնական, բնականաբար, բայց բավականին սուր քննադատություն եմ գրել իր վերաբերյալ, մինչեւ այդ դաշնակների հետ կապված թեմաներ էլ են եղել»։ Պարզ է, որ հասարակական գործիչը դեռ վերլուծում է կատարվածը եւ եզրահանգումներ անել չի շտապում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ Նյութի աղբյուրը ` http://hraparak.am
Այս նյութը դիտել են - 1487 անգամ