Մի՞թե, աշխա՛րհ, սխալ կլիներ, եթե իր տոնին նա ներկա լիներ
2017-01-25 10:22:00
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը` N պաշտպանական շրջանի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, նվիրված էր Արցախյան ազատամարտի նահատակ Սլավա Ներսիսյանի ծննդյան 60-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, զինվորականներ, մարտական ընկերներ, հյուրեր, աշակերտներ: Այն սկսվեց դպրոցի սովորողների հետ ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Կարինե Բալասանյանի խոսքով: Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո հոտնկայս հարգեցինք Արցախյան ազատամարտի նվիրյալների հիշատակը: 
10-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Ղահրամանյանի ելույթն Արցախի բարձունքները տենչացող հատուկ վաշտի հրամանատար Սլավա Ներսիսյանի անցած հերոսական ճանապարհն էր, նախկինում ներքին գործերի շրջանային բաժնի պատասխանատու աշխատողներից մեկը, ով 92-ի հուլիսին նշանակված էր այդ բաժնի պետ: Բազմաթիվ մարտերում թրծված ազատամարտիկն օրեր հետո` օգոստոսի 18-ին, ծանր վիրավորվեց խրամատում ընկած թշնամու արկից: Նրա երկու ընկերները` Վանիկ Միրզոյանը և Իգոր Բաղունցը, զոհվեցին, իսկ իրեն տեղափոխեցին Երևան, բայց փրկել չհաջողվեց: Երկու օր հետո 35 տարեկանում վախճանվեց աննկուն հրամանատարը` որբ թողնելով իր երկու զավակներին: Նրան հողին հանձնեցին Երևանի Շահումյանի գերեզմանոցում: Հավերժացավ մի կյանք` գիտակցելով, որ «մահ իմացյալ անմահություն է»:
Ամբողջ միջոցառման ընթացքում Արցախյան ազատամարտի նվիրյալների մասին ֆիլմի դրվագների ցուցադրում էր, որին զուգահեռ հնչում էին ելույթ ունեցողների խոսքերը դեպի Սարսանգի ջրամբար թշնամու առաջխաղացումը կանխող հրամանատարի ու նրա զինակիցների մասին: Դպրոցի ուսուցիչ, Արցախյան պատերազմի ճանապարհ անցած Գառնիկ Իսրայելյանի ելույթն ազատամարտիկ հայրենակցի մարտական ճանապարհը բարձրագույնս գնահատողի խոսք էր:
Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանն ամբողջացրեց սերունդների դաստիարակությանն ուղղված գիտակցական մահվան ճանապարհն ընտրած հերոսների հիշատակը` հայրենյաց նվիրյալ Սլավա Ներսիսյանի կերպարով: Դա հերոսական մաքառումների ճանապարհ է, երբ մարդը գիտակցում է, որ ինքը գնում է անձնազոհության, դա անմնացորդ նվիրաբերում է հայրենիքին: Նրա ելույթն ապրողներիս, սերունդների համար զգոնության կոչ էր, որով բանաձևվվեց այս տարածքում մեր ինքնապաշտպանությամբ գոյատևելու ուղին: 
Իմ դասղեկական 7-րդ ա դասարանի աշակերտների ասմունքին միահյուսված էին հայրենասիրական երգերը` 5-րդ ա դասարանի մի քանի աշակերտների մասնակցությամբ: Նրանց խոսքերում հնչում էր սերնդի կողմից մեր հայորդիներին հիշելու սուրբ պատվիրանը. «Այս տղաները, որ հիմա ընկան, Այրվում են, մարում Արցախիս համար, Աստղեր են դառնում, հավիտյան հառնում: Որպես փրկության բախտի ուղենիշ` Մենք լեգենդներին չէինք հավատում, Բայց ձեզ իրական լեգենդ ենք պատմում, Ամեն նահատակ ընկնում է հիմա, Որ երբեք-երբեք էլ չմահանա»:
Ներկա ու գալիք սերունդների համար դաստիարակչական դաս էր այս միջոցառումը, անմահների անցած ճանապարհի մասին հիշողություն, հերոսի ծննդյան օրվա հիշատակ, որ ավարտվեց զինվորական նվագախմբի արձագանքների տակ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3126 անգամ