Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կուսակցությունները բուռն քննարկումներ են սկսել նախընտրական դաշինքներ ձևավորելու շուրջ:
Արդեն իսկ երկու դաշինք ձևավորվել է. նախ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք կազմեցին «Ելք» դաշինքը:
Անցած շաբաթ էլ Սեյրան Օհանյանի շուրջ հավաքված Օսկանյան-Դալլաքյան-Արամ Գ.Սարգսյան եռյակն իր դաշինքի մասին ազդադարարեց: Սպասվում է նաև Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող լայն դաշինքը:
Կոնկրետ Գ. Ծառուկյանի դեպքում թվում էր, թե 2015 թ. փետրվարյան իրադարձություններից հետո իշխանությունները թույլ չէին տա, որ նա բացեր քաղաքականության փակված էջը։ Բայց մի քանի ամիս առաջ, երբ վերջինս սկսեց մեղմորեն հրապարակ նետել վերադառնալու վերաբերյալ ակնարկները, իշխանությունները, կարծես թե, գոնե, առերևույթ, նրան կասեցնելու քայլեր չարեցին: Եվ Ծառուկյանն էլ զգուշորեն՝ տեսնելով, որ իր վերադարձն առանձնապես չի խոչընդոտվում, ի վերջո անցած շաբաթ հայտարարեց, որ մասնակցելու է ապրիլյան խորհրդարանական ընտրություններին:
Այս դեպքում, արդեն, սկսեցին կարծիքներ շրջանառվել, որ նա վերադառնում է իշխանությունների կամոք կամ իշխանությունների հետ պայմանավորվածությունների արդյունքում:
Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները ներքին խոսակցություններում հավատացնում են, որ նրա վերադարձը չի խոչընդոտվում այն պարզ պատճառով, որ թույլ չտան ուժեղանա Ս.Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը, քանի որ վերջինիս հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջներն են երևում: Կոնկրետ Սերժ Սարգսյանին ավելի ձեռնտու է, որ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ունենա Ծառուկյանի, և ոչ թե Ս. Օհանյանի դաշինքը: Ոչիշխանական եռյակի գործունեության ժամանակ Ծառուկյանն ինչ-որ պահ ապացուցել է, որ կարող է դուրս գալ Քոչարյանի ազդեցությունից:
Իսկ այն հանգամանքը, որ նրա կողքն է կանգնում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ապա կարելի է չկասկածել, որ իշխանությունները նրա միջոցով կվերահսկեն Ծառուկյանի դաշինքի ողջ քայլերը:
Չէ որ Ի. Զաքարյանն այն պաշտոնյան է, ով Ծառուկյանից էլ ավելի խոցելի է, և ում իշխանությունները, ցանկացած պահի, կարող են ձերբակալել:
Այնպես որ՝ նա չի կարող չծառայել իշխանություններին:
Բացի այդ, ինչպես Ծառուկյանն ինքն է ասել, քաղաքականությունից դուրս գալուց հետո որևէ ուժ չի զբաղեցրել իր բաց թողած տեղը: Դա նաև նշանակում է, որ այդ տեղի համար մտահոգ են նաև իշխանությունները: Քաղաքական դաշտում կամ Ազգային ժողովում ով կզբաղեցնի ԲՀԿ-ի տեղը, որ իրենց համար վերահսկելի լինի և Ռ.Քոչարյանին չներկայացնի:
Ահա թե ինչու իշխանությունները չեն կասեցնում Ծառուկյանի վերադարձը: Այդպիսով նրանք ընտրել են չարյաց փոքրագույնը՝ նորից ԲՀԿ-ին և մերժում են Ս.Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքին: Թեև վերջինս նույնպես, կարծես թե, առայժմ, հակված չէ իշխանությունների հետ համագործակցել:
Պարզապես դեռ հայտնի չէ, թե որ ուժերը կներգրավվեն Ծառուկյանի դաշինքում: Ընդամենը կծկտուր տեղեկություններ կան, որ նրա հետ բանակցում են ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն: ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն էլ երեկ ակնարկել էր, որ բանակցություններին մասնակցում է նաև ՀԱԿ-ը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործունեությունից հետո Սերժ Սարգսյանը երբ հանդիպել էր տարբեր խավի ներկայացուցիչների հետ, այսպիսի հայտարարություն էր արել. «Այս փուլում մեր նպատակը նաև Ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո:
Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:
Եվ այսպիսով՝ Ս.Սարգսյանը դանդաղորեն ուրվագծում է ապագա Ազգային համաձայնության կառավարությանը, որտեղ ծրագրում է նորից տեղ հատկացնել Ծառուկյանի գլխավորած արդեն դաշինքին: Իհարկե, ՀՀԿ-ն կփորձի ամեն ինչ անել, որ բացարձակ մեծամասնություն ունենա խորհրդարանում և կայուն մեծամասնություն կազմելու համար որևէ ուժի չդիմի, բայց չի բացառվում հեռանկարը, որ դա չստացվի, ինչպես հոկտեմբերին չստաձվեց Վանաձորի ավագանու ընտրություններում:
Այս դեպքում արդեն ԲՀԿ-ի հետ Ս.Սարգսյանի ասած՝ Ազգային համաձայնության կառավարությունում կրկին իր համեստ տեղը կզբաղեցնի նաև ՀՅԴ-ն: Վերը նշված դաշինքներից «Ելք»-ը դժվար թե միանա այդ դաշինքին, թեկուզ միայն այն պատճառով, որ արտաքին քաղաքական հարցերում խորը տարաձայնություններ ունեն: Ամեն դեպքում դաշինքի կուսակցություններից «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը» դեմ են Եվրասիական տնտեսական միությանը և հակված են եվրաինտեգրմանը:
Իշխանությունները կարող են կառավարություն կրկին հրավիրել նաև Արթուր Բաղդասարյանին ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ս.Սարգսյանի ասած՝ Ազգային համաձայնության կառավարությունը մեծամասամբ կրկնելու է նախկին կոալիցիոն կառավարությանը: Պարզապես, այս դեպքում տարբերությունն այն կլինի, թե ովքեր կլինեն Ծառուկյանի դաշինքում: Եվ այս դեպքում, իհարկե, իշխանությունները կփորձեն այնպես անել, որ այդ դաշինքը հանկարծ այնքան ձայներ չստանա, որ ինքը այլ ուժերի հետ կայուն մեծամասնություն կազմի:
Այս նյութը դիտել են - 1894 անգամ