ՀՀԿ-ն «բռնվեց» Hayeli
2017-01-26 14:46:00

ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է նախընտրական շտաբի ղեկավարի անունը, սակայն այն առայժմ հանրությունից թաքուն է պահվում: Քննարկվել է նաև ցուցակը, սակայն այս մասով ևս հրապարակավ ոչինչ չի ասվել՝ լայն դաշտ թողնելով ինտրիգներին և տեղեկատվական արտահոսքերին: 

ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը փոխանցել է նիստը վարող Սերժ Սարգսյանի հիմնական մեսիջները: Նախ իշխող ուժը պատրաստ է փոխել ընտրությունների օրը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 2-ին կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին տարին: Եթե այս հարցով քաղաքական մյուս ուժերը ևս համաձայնության գան, ապա որոշումը կկայացվի:

Շարմազանովը Սերժ Սարգսյանի անունից պարզաբանումներ է տըել նաև շրջանառվող քաղաքական տարբեր ինտրիգների մասին, որոնցից առաջինը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին որոշումն է, և երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանի կեղծ ընդդիմադիր կամ իշխանական պրոյեկտ լինելու մասին շահարկումներն են. «Ծառուկյանի մասով. որ ասում են՝ ՀՀԿ-ի պրոյեկտն է, կեղծ ընդիմություն է, նման բան չկա և չի կարող լինել: Հավատացե՛ք Աստծուն, ես ինչ ասում եմ՝ նախագահի ելույթից եմ ասում»,- հայտարարել է Շարմազանովը:

Սա իրականում ուշագրավ իրողություն է. փաստացի Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից, իսկ այժմ նրան հռչակում է ընդդիմություն, մինչդեռ ինքը՝ Ծառուկյանն անձամբ նման բան չի արել և դեռևս չի հայտարարել իր՝ ընդդիմություն լինելու մասին: Թեպետ Շարմազանովը բավականին փորձ արդեն կուտակել է, սակայն ամեն դեպքում ինքնաբերաբար մատնել ու ջրի երես է հանել պլանը:

Համաձայնվեք, չտեսնված ու չլսված բան է, երբ իշխանությունը ստիպված է հանրությանը համոզել, որ այսինչ կամ այնինչ ուժը կեղծ ընդդիմություն չէ, ոչ էլ իշխանական պրոյեկետ է:

Ի վերջո Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն պետք է  որոշեն՝ իրենք ինչպիսի պրոյեկտ են: Գուցե այս մարդիկ ցանկություն ունեն սատարե՞լ Սերժ Սարգսյանին ու կիսում են ՀՀԿ վարած քաղաքականությունը, ինչո՞ւ է ՀՀԿ-ն ԲՀԿ-ի փոխարեն հայտարարում, թե վերջինս ում պրոյեկտն է:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուն և ընդհանրապես ՀՀԿ-ից սպասվող արտահոսքին: Ըստ Շարմազանովի՝ Սերժ Սարգսյանը նման խոսակցությունները անհեթեթություն է որակել.  «ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կարող է մի քանի հոգի էլ դուրս գան, առաջին անգամ չէ:

Վերջին ամիսներին ՀՀԿ-ին անդամագրվել է, ոչ թե 7 հազար, այլ 11 հազար մարդ»,– հայտարարել է նա և ավելացրել, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարության տեքստում քաղաքական դրդապատճառ չկա, և նրա գնալով՝ ՀՀԿ-ն չի թուլացել. «Հանրապետականը դրանից թուլացա՞վ, իհարկե ոչ, ավելի վճառակա՞ն է, այո՛:

Մենք նախագահի գլխավորութամբ գնում ենք դեպի ընտրություն>>,- նշել է նա: Շարմազանովն ու ՀՀԿ ղեկավարը այս իմաստով, իհարկե ճիշտ են ՝ՀՀԿ-ին կարող էր ոչ թե 11 հազար, այլ անգամ 110 հազար մարդ անդամագրված լինել, որովհետև ՀՀԿ-ն այս պահին իշխող ուժ է, և ջանասիրաբար գործադրում է բոլոր լծակները՝ մարդկանց դարձնելով կուսակցական:

Բայց թե այդ կուսակցականներից քանիսն են գաղափարական կուսակցական, քանիսը կմնան կուսակցության շարքերում, երբ ՀՀԿ-ն կորցնի իշխանությունը՝ կարծես թե ենթադրելի է: Բայց խնդիրն այստեղ բոլորվին այլ է՝ Հովիկ Աբրահամյանի շարքային կուսակցական չէր, նա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն էր և տևական ժամանակ լրջագույն դերակատարում է ունեցել կուսակցության ներքին և քաղաքական կյանքում:

Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետը՝ 2008, 20012 և 2013 թվականների նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Զբաղեցրել է երկրի ամենաազդեցիկ պաշտոնները՝ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար: Ուզենք թե չուզենք՝ նրան հեռացմամբ կուսակցությունը որոշակի ճաքեր տվել է, և շատ պարզ ցույց է տալիս, որ կուսակցությունն ունի ներքին կռիվներ ու լուրջ բախումներ:

ՀՀԿ խորհրդի կազմից դուրս է մնացել 9 մարդ, իսկ Հովիկ Աբրահամյանի փոխարեն ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը:  Մյուս տեղակալները Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանն են:

Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, հրաժարականի հայտարարութան մեջ հայտարարել էր, որ իր տեղն անշուշտ բաց չի մնա ՀՀԿ-ում. « կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»,- նշել էր ՀՀԿ նախկին փոխնախագահը: Հիմա փաստորեն Հովիկ Աբրահամյանի տեղը ՀՀԿ-ում տրվել է Կարեն Կարապետյանին. հետաքրքիր է՝ հայրենասեր ու պետականամետ լինելու կասկածանքի ակնարկը  ներկա վարչապետի՞ն էր վերաբերում:

 Հայկ  Դավթյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1384 անգամ