Վիկտոր Դալլաքյանը՝ Սերժ Սարգսյանի դատողությունների մասին Politinfo
2017-01-27 01:23:00

Politinfo.org կայքի զրուցակիցն է Երրորդ հանրապետություն կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

- ՀՀԿ խորհրդի՝ հունվարի 26-ի նիստում Սերժ Սարգսյանը, իր ելույթում խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին, ասել է հետևյալը. «Չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը»: Պրն. Դալլաքյան, ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի արտահայտած այդ միտքը: 

- Հազիվ թե աշխարհում գտնվի մի երկիր, որի ղեկավարը իրեն իրավունք վերապահի կամ իրեն թույլ տա գնահատականներ հնչեցնել որևէ գործչի քաղաքականությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի իրականացման նպատակահարմարության մասին: Սա առավել քան զավեշտալի է, հատկապես այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի մերձավոր զինակիցները միահամուռ կերպով ու ջերմորեն ողջունեցին Ծառուկյանի կատարած այդ քայլը:

- Պրն Դալլաքյան, ինչպե՞ս եք գնահատում նույն նիստում Սերժ Սարգսյանի կողմից փոխաբերական իմաստով հնչեցրած այս դատողությանը. «Այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»: Արդյո՞ք սա թափանցիկ ակնարկ էր ՀՀԿ-ի շարքերից հեռացած Հովիկ Աբրահամյանին:

- Անիմաստ եմ համարում որոնել ակնարկի հասցեատերերին: Ընդամենը կարող եմ ասել, որ մայր գետերը առաջանում կամ սկզբնավորվում են առվակներից: Իսկ երբ այդ առվակները չորանում կամ փոխում են իրենց հունը, ի վերջո չորանում են նաև մայր գետերը: Ծովը առաջանում է փոքրիկ կաթիլից, և ծովը չորանում է, եթե «մոռանում» է, որ առաջացել է փոքրիկ կաթիլից: Թերևս, երկրի նախագահին պատիվ չի բերում, որ նա իրենից հեռացածներին դիմի հետևյալ կերպ. «ով ինձնից հեռանա, թող չորանա»:

Այս նյութը դիտել են - 5074 անգամ