Արարատի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն անելանելի իրավիճակում են հայտնվել:
Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
Գյուղապետերին զգուշացվում է, որ հանկարծ չփորձեն դուրս գալ ՀՀԿ-ից: Նրանց հրահանգվում է նաեւ, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, ով էլ որ առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Իրավապահներն օրվա մեջ մոտ 4 համայնքի ղեկավարի են «հյուրընկալում»:
Նշենք, որ Դիտակի համայնքի ղեկավարը Սուրեն Սրապոյանն է, Արեւշատինը՝ Գոգոլ Նիկոլյանը, Մխչյանինը՝ Խաչիկ Պողոսյանը, իսկ Նորաշենինը՝ Արտուշ Սարգսյանը: Այս համայնքները ներառված են նախկին Արտաշատի շրջանի կազմում: Հիշեցնենք, որ Մխչյանն էլ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է:
Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը լսելով մեր հարցը՝ արդյոք գնացել եք ոստիկանություն եւ «հանձնարարություններ ստացել», մի պահ լռեց, ապա ասաց. «Չէ, չէ, չէ ինձ չեն հրավիրել, չէ, ես եկա գյուղապետարան, քարտուղարն ասեց զանգել էին… ու էլ չեմ էլ պատասխանել, չեմ իմանում ինչ է: Էդ զանգն ա եղել չեմ գնացել, չէ»: Հարցին ՀՀԿ-ի համա՞ր եք աշխատելու խորհրդարանական ընտրություններն ընդառաջ, նա պատասխանեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, սակայն պետք է ՀՀԿ-ի համար աշխատել:
Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ կուսակցությունից, մտահոգություն կա, որ արտահոսք է լինելու, դուք հնարավո՞ր է լքեք ՀՀԿ-ն՝ հարցրեցինք Սուրեն Սրապոյանը: «Չէ, չէ, այդպիսի որոշում ոչ մեկս էլ…, տենց բան չկա»,- ասաց Դիտակի համայնքապետը՝ նշելով, որ ուր էլ որ հրավիրեն իրեն՝ կգնա: «Բայց կարող է ուրիշ հարց է, էդ հարցի հետ կապված չի, իսկ եթե հրավիրեն՝ կգնամ, ոնց չեմ գնա»,- ասաց Սուրեն Սրապոյանը՝ փորձելով համոզել, որ երբեւէ ընտրություններում ճնշումներ չեն եղել իրենց վրա:
Նորաշեն համայնքի ղեկավարը Գագոլ Նիկոլյանը նույն հարցը լսելուն պես միանգամից հակադարձեց. «Մեզ ո՞վ է հրավիրել: Չէ, չեն հրավիրել»: Գոգոլ Նիկոլյանի մոտ, ընդհանրապես, հարց չառաջացավ, թե ինչու պետք է իրեն հրավիրեն ոստիկանություն: Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ գնացել եք ոստիկանություն եւ զրույց ունեցել, նա այսպես արձագանքեց. «Չէ, չեմ իմանում, ոչ մի բան էլ չեն ասել, մենք ՀՀԿ ենք, մնում ենք ՀՀԿ»: Հարցին՝ եթե ընտրություններում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այլ կուսակցության համար աշխատի, ձեր դերակատարությունն ինչպե՞ս եք տեսնում, նա ասաց. «Մենք ՀՀԿ ենք, ոնց կարանք ուրիշ մարդկանց…: Մեր որոշմամբ ենք մենք դարձել ՀՀԿ-ական»:
Armtimes.com-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին. «Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, քաղաքական բնույթի հարցերով չի զբաղվում: Ձեր գրած տեղեկությունը չի համապաստախանում իրականությանը»:
Նշենք, որ երեկ էլ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Հ.Գ. «Չի բացառվում, որ նման օպերացիաներով իշխանությունները փորձում են Հովիկ Աբրահամյանից քաղհալածյալ սարքել»: