Հայաստանի զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակած շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել ազատագրված տարածքների մասին:
Խոսելով բանակի ձևավորման դժվարին ու բարդ պատմական ժամանակաշրջանի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր բանակը ձևավորվել է կռվի դաշտում. «Թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ: Հիշեմ մի եղելություն. մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա, կռվելով, նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից»,- նշել է նախագահը:
Պատերազմական օրերի այս հուշը պատահական չի ընտրված, ավեի ներքևում, երբ խոսվում է ֆիդայական ջոկատների վրա խարսխված կանոնավոր բանակի սետղծման և դրան հաջորդած 25 տարիների պատմության մասին, Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյա պետարազմի համատեքստում վերագնահատում է ազատագրված տարածքների նշանակությունը. «Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:
Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք»,- իր ուղերձում ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Սա ազատագրված տարածքների վերաբերյալ, կարելի է ասել, շրջադարձային մոտեցում է. փաստորեն Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ազատագրված տարածքները Արցախի խոհանոցը, պատշգամբը կամ ճաշասենյակն են, հետևաբար Արցախի անբաժանելի մասը: Սա իսկապես կտրուկ շրջադարձ է մի մարդու համար, ով նախկինում կարծիք էր հայտնում, թե Աղդամը մեր հայրենիքը չէ:
Եվ ընդհանրապես, քաղաքական և բանակցային գործընթացների ժամանակ Սերժ Սարգսյանը երբևէ չի բացառել տարածքների վերադարձի հնարավորությունը՝ կարգավիճակի և երաշխավորված խաղաղության դիմաց: Ընդ որում, այս մասին նա հայտարարել է բազմիցս, այդ թվում նաև ապրիլյան պատերազմից անմջապես հետո ամերիկյան «Բլումբերգ» գործալակության տված հարցազրույցում: Հիշեցնենք՝ այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը 2011 թվականին Կազանում պատրաստ էր ստորագրել ԼՂՀ խնդրի կարգավորման փաստաթուղթը, որը տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ Ադրբեջանն է հրաժարվել դրանից: Ավելի ուշ ռուսական մամուլում գաղտնազերծվեց Կազանում առաջարկված փաստաթուղթը, որը համենայն դեպս չհերքվեց: Դրանով նախատեսվում էր ազատագրված 7 շրջաններից 5-ի վերադարձը և ԼՂՀ չհստակեցված միջանկյալ կարգավիճակ:
Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ այդ շրջանները Արցախի պատշգամբն ու խոհանոցն են, հետևաբար դրանք վերադարձի ենթական չեն: Սա իսկապես կա՛մ բեկումնային շրջադարաձ է, որին հավատալը դժվար է, կա՛մ էլ նախընտրական բլեֆ, որը այս պահին ավելի հավանական է:
Հայկ Դավթյան
Այս նյութը դիտել են - 1326 անգամ