Նախագահ Թրամփն ու վարչապետ Մեյը հանդիպեցին Սպիտակ Տանը
2017-01-30 00:47:00


Trump-May press conference

«Ինձ համար պատիվ է հյուրընկալել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որպես արտասահմանյան երկրից այց կատարած առաջին ղեկավար»:

Նախագահ Թրամփն իր ելույթում ընդգծեց ամերիկա-բրիտանական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: Ըստ նախագահի, ԱՄՆ-ը հարգում է Միացյալ Թագավորության ժողովրդի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը:

«Ազատ և անկախ Բրիտանիան օրհնանք է, և մեր հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան ամուր»:

Վարչապետ Մեյը շնորհավորեց նախագահ Թրամփին ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց երդմնակալությունից հետո կարճ ժամանակում հրավերք ուղարկելու համար, որը նա դիտարկում է որպես առանձնահատուկ հարաբերությունների վառ դրսևորում:

Թերեզա Մեյը նշեց, որ իրենք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, ԴԱԵՇ-ի վերացման ու այդ հարցում ՆԱՏՕ-ի դաշինքի դերի կարևորության հետ կապված հարցեր:

«Մենք միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի որպես միասնական պաշտպանական պլատֆորմի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին: Սակայն պետք է վստահ լինենք, որ ՆԱՏՕ-ն իր հերթին պատրաստ է պայքարել ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ, և ես համաձայնել եմ շարունակել ջանքեր գործադրել խրախուսելու, որ մեր եվրոպացի գործընկերները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը տրամադրեն պաշտպանության ծախսերին»,- ասել է վարչապետը:

Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների ընթացքի, հաջորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի և պատժամիջոցների հնարավոր վերացման մասին՝լրագրողների հարցերին նախագահ Թրամփի ու վարչապետ Մեյի պատասխաններում առկա էին որոշ տարաձայնություններ:

Եթե նախագահ Թրամփի կարծիքով դեռևս շուտ է խոսել պատժամիջոցների վերացման մասին, նա չբացառեց դրանց վերացումը լավ հարաբերությունների հաստատման դեպքում, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև ամբողջապես չիրականացվեն մինսկյան համաձայնագրի կետերը Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ:

Նախագահ Թրամփը նաև մատնանշեց ԴԱԵՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի ներգրավվածության կարևորությունը:

«Եթե մենք լավ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ, եթե միասնաբար պայքարենք ԴԱԵՇ-ի դեմ, որը պետք է կանգնեցվի որպես չարիք, ես դա լավ նախանշան կհամարեմ»:

Նախագահ Թրամփը ողջունեց Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից և ընդգծեց, որBrexit-ը կվերականգնի բրիտանացիների ինքնությունը և հնարավորություն կտա գործել առանց երրորդ կողմի վերահսկողության:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 1594 անգամ