Գյումրիում ՀՀ մշակույթի նախարարն այցելեց «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանման հրապարակ
2015-12-01 23:59:00

Նոյեմբերի 29-ին, Գյումրիում մեծ շուքով նշվեց Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին վերանորոգված Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ: Փոքր բեմը բացվեց Մեծ դերասանի մասին պատմող տեսանյութով:
Այնուհետև, թատրոնի ճեմասրահում բացվեց «Թատրոնը ժամանակի ափի մեջ» խորագրով արխիվային բացառիկ լուսանկարների և ներկայացումների մանրակերտների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին հետևեց հոբելյանական երեկո՝ թատրոնի ստեղծագործական կազմի, Շիրակի և Լոռու մարզերի երաժշտական խմբերի՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի և Վանաձորի «Հորովել» խմբի մասնակցությամբ: Թատրոնի մի շարք վաստակաշատ արվեստագետներ արժանացան ՀՀ Նախագահի կողմից շնորհված պատվավոր կոչումների, ՀՀ վարչապետի հուշամեդալների, ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պարգևների:
Իսկ մինչ այդ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկանալով այն մասին, որ Գյումրիի շուկայի տարածքում իրականացվում են Սպիտակի երկրաշարժի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, այցելեց նկարահանման հրապարակ: Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանում է հայտնի ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր, «Մարս Մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ռուսական կողմից «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում նկարահանվում են անվանի դերասաններ Կոնստանտին Լավրենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը:
Հասմիկ Պողոսյանը զրուցեց ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ, դիտեց արդեն նկարահանված երկրաշարժի տեսարանների որոշ դրվագներ: Նկարահանման հրապարակում նախարարը զրուցեց նաև ֆիլմի գլխավոր հերոսուհու` Մարիա Միրոնավայի հետ: Նշենք, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 200 մլն ռուբլի, ֆինանսական միջոցներ կներդրվեն նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Այս նյութը դիտել են - 2013 անգամ