Արդեն գրել էինք, որ մարզային ոստիկանապետի մակարդակով Արարատի մարզի գյուղապետերին “հորդորվում է” հանկարծ դուրս չգալ ՀՀԿ-ից ու հանկարծ քվեներ չապահովեն Հովիկ Աբրահամյանի օգտին:
Իշխանությունները մարտի են հանել նաև հարկային մարմիններին: Մեր տեղեկությունների համաձայն հարկայինից սկսել են ստուգել Աբրահամյանների կամ նրանց ընտանիքին մոտ կանգնած անձանց ընկերություններում: Հարկային տեսուչները այդ ստուգումների մասով ցանկացել են գազալցակայաններից մեկին քսան միլիոն դրամով տուգանել, սակայն հնարավոր է եղել փաստաթղթերով ապացուցել որ մաքուր են աշխատում, եւ հարցը այդպիսով փակվել է: Սակայն չի կարելի վստահ ասել, որ հետագայում ևս ճնշումներ չեն լինի:
Հիշեցնենք, որ Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Սևան Քոչարյանը անձամբ է զրույցի հրավիրում գյուղապետերին:
Ոստիկանություն հրավիրված գյուղապետերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն անձամբ Արտաշատ է հրավիրել Սևան Քոչարյանը: Ոստիկանապետի աշխատասենյակում ծանր խոսակցություն է տեղի ունեցել.«Ոստիկանապետ Քոչարյանը ասաց, որ հանկարծ չփորձենք դուրս գալ ՀՀԿ-ից: Նա ասաց որ վերևներից հրահանգ կա գյուղապետերին տեղեկացնելու այս մասին»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս նյութը դիտել են - 1225 անգամ