ՀԱԿ-ի ցուցակը ղեկավարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, չեմ կարծում, թե այն ժողովրդի մոտ աջակցություն չունենա. Hraparak
2017-01-31 15:46:00
ՀԱԿ-ի վարչության նիստի օրը հայտնի չէ, համամասնական ցուցակը դեռևս վերջնական ճշգրտված չէ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը։ Հարցին՝ ճիշտ են տեղեկությունները, որ ինքը ՀԱԿ ցուցակի առաջին կին թեկնածուն է լինելու, Զոյա Թադեւոսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի։․
-Ցուցակը Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է ղեկավարելու։
Այո, միայն։
-Մամուլը այսօր գրել է, որ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ է մասնակցելու ընտրություններին։
Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ խորը հարգանք ունեմ Ստեփան Դեմիրճյանի հանդեպ, եթե դա ճիշտ է, ուրեմն ես շատ ուրախ եմ դրա համար։
-ՀԱԿ-ի շանսերը ինչպե՞ս կգնահատեք՝ հաշվի առնելով վերջին ՏԻՄ ընտրություններում չգրանցած հաջողությունները։
Գիտեք ՏԻՄ ընտրությունները դրանք չափանիշ չեն, ինչո՞ւ բոլորը մատնացույց են անում ՏԻՄ ընտրությունները, բայց մատնացույց չեն անում, ենթադրենք նախագահական ընտրությունները։ Եթե հանրապետության առաջին, հիմնադիր նախագահը գլխավորում է ցուցակը, մարդ, ով իր քաղաքական դիրքորոշումներում մնացել է սկզբունքային և երբեք չի գնացել անձնական շահերը բավարարելու ճանապարահով, միշտ եղել է ոչ միայն սկզբունքային, այլ նաև պետությանը նվիրված մարդ, ես չեմ կարծում, թե այդպիսի անձնավորությունը, որը գլխավորում է մի ցուցակ, որում ներգրավված մարդիկ բոլորն էլ ժողովրդի նվիրյալներ են և երբեք չեն խաբել ժողովրդին, այդ ցուցակը հանկարծ ժողովրդի մոտ աջակցություն չունենա, աջակցություն ունենան այն ցուցակները, որոնք ուղղակի խաղում են նախագահականի խաղեր։ Դա այնքան ակնհայտ է, որ ես կարծում եմ՝ մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում ժողովուրդը դա կարող է բացահայտել և արդեն կայացնել իր որոշումը։
-Տիկին Թադևոսյան, գործարար Խաչատուր Սուքիասյանը միանո՞ւմ է ՀԱԿ-ին։
Այն ինչ իրականացվում է նախընտրական շտաբի շրջանակներում, այսինքն՝ բանակցություններ, որոնք իրականացվում են նախընտրական շտաբի անդամների կողմից, ես աշխատում եմ չմիջամտել այդպիսի գործընթացների։ Եթե ինձ դիմեն ինչ-որ մի հարցով, ես օգտակար կլինեմ, բայց այդ հարցը ինձ չի ուղղված, ես դրանով չեմ զբաղվում։ Եթե այդպիսի լրատվություն կա, ապա դա նորից ողջունելի լրատվություն է, եթե իսկությանը համապատասխանում է։ Ես վստահ եմ, որ Խաչատուր Սուքիասյանը իմաստուն որոշում կկայացնի։
-Նշեցիք, որ չգիտեք ցուցակում առաջին կին թեկնածուն եք լինելու, իսկ ընդհանրապես Ձեր մասնակցությունը ԱԺ ընտրություններին ինչպե՞ս է լինելու։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ նրանք, ովքեր լինում են ռեյտինգային ցուցակում, պարտադիր պետք է ներգրավված լինեն համամասնական ցուցակում, դա պարտադիր պահանջ է։ Ես տվել եմ իմ համաձայնությունը մասնակցելու մեծամասնական ընտրակագրով Արաբկիրում և այդ ռեյտինգային ցուցակում լինել։
-Գիտե՞ք այդ ընտրատարածքում ովքե՞ր են լինելու Ձեր մրցակիցները։
Անուններ լսել եմ, բայց ես այնպիսի դիրքորոշում ունեմ, որ ես ավելի շատ զբաղված եմ իմ կուսակցությունով, քան ուրիշներով։ Ուրիշներն ինձ չեն էլ հետաքրքրում, ես նույնիսկ չեմ էլ բարեհաճի ուրիշների մասին կարծիքներ կազմել հիմնավորված, փաստարկված։ Չեմ ուզում անդրադառնալ ուրիշներին, քանի որ դրա ժամանակը չկա, անհրաժեշտություն չկա և ամեն մեկն իր մասին խոսելիս բացահայտում է իր ով լինելը։ Նախընտրում եմ զբաղվել մեր կուսակցությունով, մեր հարցերով, ինչքան ուրիշով զբաղվում ես, այնքան խորը հիասթափություն ես ապրում։
-Իսկ դուք ի՞նչ եք առաջարկելու քաղաքացիներին, ի՞նչ քայլեր եք անելու, որպեսզի նրանք իրենց ձայնը Ձեզ վստահեն։
Ես քաղաքացիների աչքերի մեջ ուղիղ եմ նայելու և լինելու եմ անկեղծ ցանկացած հարցով, ընդամենը անկեղծ։

hraparak.am
Այս նյութը դիտել են - 5802 անգամ