Reddit սոցցանցի համասեփականատեր Ալեքսիս Օհանյանը բաց նամակ է գրել՝ դատապարտելով Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքը։
Նա միգրացիայի մասին հրամանը ոչ միայն պոտենցիալ հակասահմանադրական է, այլ նաեւ խորապես հակաամերիկյան է համարել։
«Մենք վերջին հաշվով միգրանտների երկիր ենք։ Այն, որ մենք սրտաբաց ընդունում էինք միգրանտներին եւ փախստականներին, մեր երկրի համար առավելություն էր։
Ինչպես մեզնից շատերը գիտեն, ես փաստաթուղթ չունեցող գերմանացի միգրանտների որդի եւ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ծոռ եմ։ Ավելի քան 100 տարի առաջ թուրք զինվորը որոշել էր, որ իմ ապուպապը շատ երիտասարդ է մեռնելու համար։ Զինվորն իմ ապուպապի ծնողներին սպանել էր նրա աչքի առաջ, իսկ նրան մանկատուն ուղարկել։ Շատ հայեր, այդ թվում՝ տատիկիս մայրը, ապաստան էին գտել Սիրիայի Հալեպ քաղաքում։ Իմ ապուպապը անգլերեն լավ չէր խոսում, բայց համառորեն աշխատում էր եւ կարողացավ աշխատանք գտնել Նյու Յորքի Endicott-Johnson Shoe Company–ում։
Օհանյանը նշել է, որ իր պապը որպես կամավոր գնացել էր ծառայելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ամուսնացել էր միգրանտի հետ, իսկ իր մայրը ամեն բան թողել էր եւ ամուսնացել իր հոր հետ, որը ծնվել էր Սան Ֆրանցիսկոյում։ «Իմ նախնիները խիզախ փախստականներ էին, որոնք այս երկրում տուն գտան։ Ես միշտ հպարտ եմ եղել, որ ապրում եմ մի երկրում, որն օթեւան է տվել այլ երկրներից եկած փախստականներին։ Առանց նրանց ես չկամ, եւ չկա Reddit–ը։ Մենք ամերիկացիներ ենք։ Մենք պետք է Ազատության արձան լինենք նրանց համար, ովքեր մեր օգնության կարիքն ունեն»,– ասել է նա։
Այս նյութը դիտել են - 5775 անգամ