ԱՄՆ դեսպան․ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ կոռուպցիան կարող է վտանգել ազգային անվտանգությունը. News2017-01-31 23:12:00
Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն: Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-Ամերիկյան Առևտրի պալատում միջոցառման շրջանակում իր ելույթի ժամանակ։
«Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին:
Այնուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք: Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»- ասել է դեսպանը։
Ռիչարդ Միլսը նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ու պատրաստ է խրախուսել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նրա ձեռնարկած ջանքերում։ Բայց կարծում է , որ դեռ շատ անելիքներ կան։
«Կոռուպցիայի դեմ պայքարելու Վարչապետի հրապարակային հանձնառությամբ ոգեշնչված՝ ես ուզում եմ կառավարության քննությանը ներկայացնել երկու կոնկրետ առաջարկ:
Նախ՝ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկած քայլը: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան:
Եվ երկրորդը՝ ամենայն հարգանքով առաջարկում եմ կառավարությանը քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Այս առաջարկը հնչեցվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն հարցերով գլխավոր խորհրդական պ-ն Փիթեր Այզենվորթի կողմից, ով դեսպանատան հրավերով անցած տարի երկու անգամ այցելեց Հայաստան՝ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների համար: Կարծում եմ՝ այժմ նպաստավոր պահ է, որպեսզի կառավարությունը քննության առնի այս առաջարկը, քանի որ Վարչապետը դիտարկում է գոյություն ունեցող Հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորման և Խորհրդի ու հակակոռուպցիոն մանդատ ունեցող այլ կառույցների միջև կապերի ու իրավասությունների հստակեցման հարցը:
news.am
Այս նյութը դիտել են - 2228 անգամ