Մարտակերտ...Այստեղ հավերժահույզ մեղեդիներ կան, լուսե երազներ
2017-02-01 11:33:00
Սա մեր քաղաքն է, մեր հարազատ բնօրրանը` երկու պատերազմ տեսած մեր բնակավայրը: Ավելի քան մեկ տարի՝ 1992-93 թվականներին, եղել է թշնամու ձեռքին, բռնագաղթված ժողովուրդը` տեղահան եղած: Կամաց-կամաց նորից եկան, նորից տուն ու տեղ վերականգնեցին, ու նորից մի նոր ապրիլյան պատերազմ, իր հետ մի նոր տարհանում ու մի նոր սարսափ: 
Անսահման սեր կա և հույս, խռովք ու ընդվզումներ այստեղ ապրողների հոգում: Դա խաղաղության հաստատման և պատերազմի դեմ ուղղված բոլորիս ազատաբաղձ կոչն է, որ ամեն օր հնչում է այս հողին ամուր կառչած մեծերի ու փոքրերի շուրթերով:
«Խաղաղություն ամենքի՛ն և ամենու~ր,- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում»,-սևակյան այս տողերը բնաբան կարելի է համարել սահմանամերձ բնակավայրում ապրողներիս համար:
Ամբողջ աշխարհի համայն մարդկության բաղձալի երազանքն է այն, և ուզում ենք հավերժական լինի այդ խաղաղությունը, թևածի ամենուր, մտնի տնից տուն և լույս տա բոլորի օջախներին:
«Քաղաք» անվանումն այսօր անհամատեղելի է նրան, գուցե հենց այդ անհամատեղելիությունն է սեր ծնում նրա հանդեպ, չնայած քաղաքին տեսանելի մի շարք կառույցներ ունենք` հիվանդանոցի հրաշալի շենք, դպրոց` արտաքուստ ուսումնական հաստատության տեսքով, ներքուստ ցավալիորեն անմխիթար վիճակ, վերանորոգված մշակույթի տուն, ձմեռային ցրտերին ջերմությամբ հագեցած պետական մի շարք հիմնարկությունների ամբողջություն, մի քանի գեղեցիկ երևացող բնակելի կառույցներ, այդ թվում նաև` ռուսաստանաբնակ մարտակերտցիների կողմից վերանորոգված հանդիսությունների սրահ:
Արտաքուստ օգնության կարիք չունի այս քաղաքը, բայց այն փոշու մեջ կորած փողոցներ ունի, որոշ հատվածներ` ասֆալտապատված, պատերազմի հետքերն իրենց վրա կրող ավերակներ… Շփման գծին ամենամոտ քաղաքը, որ զրկված է ամեն տեսակի պետական արտոնություններից, ապրում է խաղաղ` հոգում անթեղած ցավը ազգիս, հավատացած հույսով ապրելու պատգամին: Իսկ մենք` մարտակերտցիներս, ապրում եք այստեղ, որովհետև ոգի կա, հայի հավատ, սեր...
Սեր կա հողի, օջախի, անգամ փոշու, իսկ ավերակների հանդեպ տածած մեր մեծ սիրո մեջ սարսուռ կա, որ երբեմն մեզ վեր է թռցնում կրակոցների ձայներից, և ամեն անգամ մենք էլ ենք մեռնում ու նորից հարություն առնում սահմանում զոհված զինվորի հետ մեկտեղ:
Այս հակասական կյանքի ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն այստեղ կերտում է մի-մի կենսագրություն: Այստեղ ազնվացնող և ջերմացնող հոգիներ կան, շատերը` խառնվածքների բազմազանությամբ, մարդկային խորունկ և հմայիչ մտորումներով,  որ լուսավոր ու պայծառ հայացքներով իրենց անցնելիք ճանապարհին կարողանում են կերտել փայլուն ու գեղեցիկ կերպարներ` համոզված, որ Տեր Աստվածը հենց դրա համար է մարդուն կյանք պարգևել:
Հպարտության զգացում ունեմ քաղաքիս ու այստեղ ապրողների նկատմամբ, առավել ևս, երբ գիտեմ, որ ուշադրության և հոգատարության կարիք ունենք մենք, որ համառ կամքով ընդունել ենք այստեղ ապրելու պատգամը:
Ասում են` լավատեսությունը մեծ մարդկանց շքեղությունն է, ահա այդպես էլ ապրում ենք մենք ոչ իրական, բայց հոգու շքեղության մեջ, որտեղ հավերժահույզ մեղեդիներ կան, անմահների հիշատակ, որ կամաց-կամաց սուզվում են հույզերիդ աշխարհը, լուսավորում միտքդ և տանում քեզ դեպի երազների մի նոր աշխարհ, որտեղ խաղաղությունն է թևածում իր մոգական հնչյունների ներքո:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4873 անգամ