Hayeli.am-ի զրուցակիցն է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը․
-Պարոն Բարսեղյան, օրեր առաջ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուշագրավ հայտարարություններ կատարեց Մարտի 1-ի վերաբերյալ՝ ասելով, որ ինքը որեւէ կապ չի ունեցել, անգամ հարց ուղղեց՝ որեւէ մեկը դե՞մ է, որ էսօրվա գործող համապատասխան համակարգը, որը պետք է զբաղվի իրավական խնդիրներով, ուսումնասիրի եւ մինչեւ վերջ բացահայտի, թե ով ինչ դերակատարություն է ունեցել եւ մեղքի չափ։ Որքանո՞վ եք հիմնավոր համարում իր բացատրությունը։
-Ես համարում եմ մանպուլյատիվ բացատրություն․կարիք չկա շատ ընդհանրական հարցեր տալու՝ որեւէ մեկը դե՞մ է, հա Սերժ Սարգսյանը դեմ է, քո գերագույն գլխավոր հրամանատարը դեմ է, եւ ութ տարի շարի շարունակ երբ դեմ է եղել, դուք էնտեղ աշխատել եք որպես նախարար՝ սկզբում շտաբի պետ, հետո նախարար։ Ուզում եմ հասկանալ՝ ինչու հիմա՝ ընտրությունների շեմին, որոշեցիք դուրս գալ ու Մարտի 1-ը բացահայտելու հարցերով զբաղվել։ Իսկ այն հարցին, թե իր պատասխանատվության չափն ինչքան է, ինքը պետք է պատասխանի․ ես իմ պատասխանն ունեմ՝ մտածում եմ, որ գլխավոր շտաբի պետը պիտի նախապես տեղյակ լինի զորքերի բոլոր տեղաշարժից եւ պիտի համաձայն լինի։ Իսկ եթե զորքը տեղաշարժվել է առանց իր համաձայնության, որովհետեւ ինքը փորձում բացատրել, որ կառավարական շենքերը պաշտպանելու համար են բերվել, բայց ներողություն, դրա համար կան ներքին զորքեր, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, իսկ բանակը կարող է ներգրավվել քաղաքական հարցերում՝ սահմանադրական կարգի տապալման իրական ռիսկի դեպքում։
Քաղաքական լարումներ էին, մարդիկ ցույցեր էին անում Երեւանի փողոցներում եւ գիշերը խաղաղ քնած էին Ազատության հրապարակում, հարձակում է եղել խաղաղ ցուցարարների վրա, մարդիկ ելել են, փախել փողոցներով, հավաքվել մեկ ուրիշ հրապարակում եւ մինչեւ բախումը որեւէ հարձակում պետական հիմնարկի վրա ընդհանրապես չի եղել։ Հնարավոր բախումից շատ առաջ զորքեր են բերվել քաղաք, եթե ժամանակագրությունն ինքը տեղը չի բերում, թող բացի, նայի, հետո զորքերը բերելուց հետո Մարտի 1-ի երեկոյան հարձակվել են ցուցարարների վրա։ Եթե ինքը տեղյակ է եղել, ուրեմն սահմանադրություն է խախտել, Քոչարյան Ռոբերտից չի տարբերվում, իսկ եթե տեղյակ չի եղել, ուրեմն հաջորդ առավոտյան պիտի հաշիվ պահանջեր, ասեր՝ ես էստեղ շտաբի պե՞տ եմ, թե՞ ծաղկաման։ Ինչի՞ հրաժարական չեք տվել հաջորդ առավոտյան, եթե համաձայն չեք եղել զորքերի՝ քաղաք բերելուն կամ տեղյակ չեք եղել։
–Իսկ հնարավո՞ր է, որ իր այս հայտարարությամբ նա ինչ-որ բան է ակնարկում Սերժ Սարգսյանին կամ վախեցնում։
-Կարծում եմ՝ ինքը չի համարձակվի Սերժ Սարգսյանին շանտաժել կամ վախեցնել, որովհետեւ եթե ինքը 10 բան ունի Սերժ Սարգսյանի վրա գլորելու, Սարգսյանը մի 12-ը կունենա եւ կտապալեն։ Միգուցե փորձում է, չեմ բացառում։
–Պարոն Բարսեղյան, Օհանյանին համարո՞ւմ եք Սերժ Սարգսյանի պրոյեկտը։
Ավելի շատ չեմ համարում, քան թե համարում եմ, միգուցե մի թեթեւ ասել են՝ գնա, ինչ ուզում ես արա, բայց որ Սարգսյանի կողմից ֆինանսավորվի․․․ Սարգսյանը հանձնարարելուց կամ ֆինանսավորելուց առաջ պիտի կռահեր, որ նման քննադատություների հորձանք է թափվելու․ ոչ Սարգսյանն է շահելու, ոչ ինքը։
–Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անի Սեյրան Օհանյանը, որ հասարակության մոտ որոշակի վստահություն առաջացնի իր նկատմամբ։
-Իմ գնահատականն այն է, որ էդ մարդը դեռ բացատրություն չի տվել իր մեղսագործություների մասին, պիտի բացատրություն կա, եթե կընդունի որ ինչ-որ տեղ սխալվել է, պիտի ներողություն խնդրի չէ՞ մարդկանցից, զոհվածների ծնողներից, Մարտի մեկի՝ բազմաթիվ հալածանքների ենթարկված քաղբանտարկյալներից եւ տասը զոհերի հարազատներից։ Ներողություն խնդրելուց հետո միայն մարդիկ գնահատեն՝ էս մարդուն վերցնո՞ւմ են ներս, թե՞ ոչ։
Սեդա Ղուկասյան
Այս նյութը դիտել են - 6342 անգամ