ԼՂՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է այն աղմկահարույց փաստին, երբ զորամասի հրամանատարները ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողների զինգրքույկներում ջնջել էին ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:
«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա», նշված է ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հոյակապ է:
Դեռ մի բան էլ լրագրողները մեղավոր դուրս եկան:
Այն դեպքում, որ հենց ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի շնորհիվ 10-15 օր հետո ԼՂՀ ՊՆ-ն «լայաղ» արեց արձագանքել և ընդունել իր մեղքը:
Մեղքը՞:
Ոչ մի մեղք էլ չկա:
Պարզվում է, որ հարյուրավոր զինվորների զինգրքույկներում հատուկ նյութերով պատերազմին մասնակցելու վերաբերյալ գրառումներ ջնջելը ընդամենը վրիպում է: Իսկապես, շատ պատահաբար, ոչ միտումնավոր, տարբեր զորամասերի հրամանատարներ, ընդամենը մի քանի հարյուր անգամ նույն վրիպումն են թույլ տվել: Երևի ցանկացել են զինգրքույկներում կնիք խփել, բայց մութ է եղել, կնիքի փոխարեն սպիտակ «տուշն» են վերցրել ու զինգրքույկների կոնկրետ մի տեղում կոնկրետ մի գրառում ջնջել:
Հարյուր անգամ:
Իհարկե, այդպես է եղել: Ինչպե՞ս կարող էին մեր բանակի ղեկավարները անտեսել մեր իսկապես քաջ զինվորների մատուցած ծառայությունները, որոնք կյանքի ու պահածոների դատարկ տուփերի գնով կարողացան դիմագրավել մինչև ատամները զինված ու անակնկալ հարձակում գործած հակառակորդին:
Ամոթ լրագրողներին, որ այս ամենը չեն հասկանում, շահարկում են, դրանով առուներ, գետակներ են լցնում թշնամու ջրաղացին:
Ամոթ նաև այն զինծառայողներին ու նրանց ծնողներին, որոնք բարձրաձայնել էին այս թեման:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
Այս նյութը դիտել են - 2516 անգամ