Առաջավորաց պահքն այս տարի սկսվում է հունվարի 18-ին...
2016-01-15 13:16:00

Այս տարի հունվարի 18-ին սկսվում է Առաջավորաց պահքը (այն հատուկ է միայն Հայ Առաքելական Եկեղեցուն), որը տեւում է հինգ օր` այս տարի մինչեւ հունվարի 22-ը ներառյալ:

Ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի`պահքին հաջորդում է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների հիշատակության օրը, որն այս տարի նշվելու է հունվարի 23-ին:

Առաջավորացը առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը` 65 օր շարունակ, Քրիստոսի հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել Մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներն ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջեւ` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որեւէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության եւ աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու եւ հոգեւոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու:

Պահքի վերջին օրը անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին եւ հաղորդվել, որով եւ դուրս գալ պահքից:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։

Մեր Եկեղեցու Հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը եւ հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) եւ շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն եւ ջանա այլեւս չկատարել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն եւ, թեեւ մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման

դեռեւս չէր տվել։ Այդ հրամանը (Տե´ս` Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հինգօրյա պահք սահմանել էին նաեւ Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ եւ այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը եւ Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաեւ նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետեւ այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել եւս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի ուրբաթը Հովնան մարգարեի հիշատակի օրն է

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, եւ եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ եւ անասուն, հոտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3: 7-8):

 

News.am

Այս նյութը դիտել են - 1500 անգամ