Ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները նիստում որոշում են ընդունել, որի համաձայն ՀՀԿ խորհրդի կազմի անդամությունից ազատվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբովյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ՀՀԿ-ն առողջ օրգանիզմ է եւ բնական է համարում կուսակցությունից դուրս գալու որոշումները:
Անդրադառնալով ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի՝ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա վաղը կանցնի այդ պարտականությունների կատարմանը:
Armtimes.com-ի հարցին՝ այս նիստում արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, թե ով է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Այդ հարցերը կքննարկենք փետրվարի 1-ին տասնօրյակում: Մի անհանգստացեք, չենք ուշացնի»: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այժմ կուսակցությունում քննարկվում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, հաջորդ շաբաթվա մեջ այն պատրաստ կլինի:
Խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ից այլ օր տեղափոխելու հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, քանի որ չի լսել քաղաքական բոլոր դերակատարների կարծիքը:
«Մենք շատ պարզ ենք խոսել, ասել ենք՝ եթե մեկ կուսակցություն կլինի, որը դեմ կլինի օրը փոխելուն, մենք անհրաժեշտություն չենք տեսնի օրը փոխելու համար»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Այս նյութը դիտել են - 2334 անգամ