«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը:
«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թադեւոսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: «Նիստից հետո, երբ պաշտոնական որոշում լինի, թե ովքեր են համակարգելու շտաբները, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Ծառուկյանի հետ նախընտրական համաձայնություն ունեն, որի դետալներից մեկն էլ այն է, որ Գուլոյանը շարունակելու է աշխատել մարզպետ, ձայն բերել այդ կուսակցությանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, որ Կ. Գուլոյանն ընդգրկվելու է Ծառուկյանի դաշինքի ցուցակում: Իսկ ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ Կ.Գուլոյանը Կոտայքում կարող է Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքի օգտին աշխատել:
Բացի այդ Ծառուկյանն ինքը ավանդաբար Կոտայքի մարզում ու հատկապես մարզկենտրոն Աբովյան քաղաքում ուժեղ դիրքեր ունի: ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ այդ մարզում կպարտվի: «Չունենք մտավախություն: Մենք այնտեղ թույլ չենք, մենք ունենք լավ թիմ, որի աշխատանքից հետո էլ ապրիլի 3-ին կերեւան արդյունքները»,- հայտարարեց Թադեւոսյանը»:
Այս նյութը դիտել են - 1514 անգամ