Իսագուլյանը տհաճորեն շփոթվեց ու խոսքը գցեց սարերը՝ հավանաբար, մտքում մեղադրելով իրեն, որ այդքան անզգույշ է գտնվել...
2016-01-15 19:59:00

Գառնիկ Իսագուլյանը, ով այսօր մի անհասկանալի-աներևույթ պաշտոն է զբաղեցնում և համարվում է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, որոշել էր խոսել Նորք-Մարաշում շաբաթներ առաջ վնասազերծված զինված խմբի անդամների ձերբակալության և հաջորդած մյուս ձերբակալությունների մասին: Թե այս թեման որքանով էր առնչվում նրա աշխատանքի հետ, այդպես էլ գաղտնիք կմնա: Սակայն նրան հաջողվեց հավաքված լրագրողներին զարմանք պատճառել իր բացառիկ տեղեկացվածությամբ:


Բանախոսը նախ վստահաբար շեշտեց, թե բոլոր այն գործողությունները, որ իրացրել են ՀՀ իրավապահ մարմինները, ամբողջությամբ տեղավորվում են օրենքի շրջանակներում։ «Եթե չլիներ նոյեմբերի 25-ի կանխարգելիչ գործողությունը, հնարավոր է, դեկտեմբերի 1-ից հետո հայտնվեինք բավական բարդ իրավիճակում։ Ես կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններն ապօրինի ոչ մի գործողություն չեն արել։ Նաև ակնհայտ է, որ ոչ մի մարդ պատահական չի ձերբակալվել և ոչ ոք հենց այնպես չի դատվելու։ Եթե ձերբակալվածները ոչ մի հանցանք թույլ տված չլինեն, նրանք անպայման ազատ կարձակվեն»,- համոզմունք հայտնեց Գառնիկ Իսագուլյանը:


Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չի եղել դեկտեմբերի 1-ի մասին, այնքան անսպասելի էր, որ Իսագուլյանը տհաճորեն շփոթվեց ու խոսքը գցեց սարերը՝ հավանաբար, մտքում մեղադրելով իրեն, որ այդքան անզգույշ է գտնվել: Բայց սխալն արդեն թույլ էր տրված զրույցի ամբողջ ընթացքում: Ի վերջո, որտեղի՞ց Իսագուլյանին նման ինֆորմացիա, մեծ վստահություն և տեղեկացվածություն: Իրավապահ մարմինները նրան հանդեպ հատուկ վերաբերմո՞ւնք ունեն՝ տրամադրելով այն, ինչ մյուսների համար արգելված է: Կամ գուցե Իսագուլյանը սերտ համագործակցում է այդ մարմինների հետ ու Նորք-Մարաշի դեպքերի հետ էլ սերտ աղերսներ ունի:


Սրանք ընդամենը հարցեր ու կասկածներ են: Բայց ոչ մի հարց հենց այնպես չի ծնվում: Եվ Գառնիկ Իսագուլյանի՝ այսօր արտասանած մի միտք կարող է նաև իր համար հրաշալի բնորոշում լինել: Խոսելով Գառնիկ Մարգարյանի և Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին, բանախոսը վստահաբար նկատեց. «Ամեն մարդ ամեն ինչի ընդունակ է»: Հիմա տեսնենք, թե էլ ինչերի է ընդունակ Գառնիկ Իսագուլյանը, քանի որ նա այսօր իր ընդունակությունների մի մասը բացահայտեց:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1551 անգամ