Զինվո՛ր, ես երազում եմ ծառայել, զինվորական համազգեստ հագնել2017-02-13 09:09:00
Ես վաղուց գիտեմ, որ 12-րդ հումանիտար դասարանում սովորող իմ աշակերտուհին` Արմինե Կարապետյանը, երազում է ծառայել, զինվորական համազգեստ հագնել, և այն օրեցօր ավելի հաստատակամ է հնչում, այս օրերին` առավել ևս, երբ վերջին փոթորկված օրերի մորմոքն ենք ապրում:
«Զինվո՛ր, խոնարհվում եմ քո առջև ու խոստանում, որ ընդամենը ամիսներ անց հագնելու եմ համազգեստ` նախ որպես կուրսանտ, իսկ հետո կանգնելու եմ այն դիրքում, որը եղբայրներիս արյամբ է գծվել: Ես երազում եմ ծառայել, զինվորական համազգեստ հագնել: Սա իմ երազանքն է, նպատակը: Արցունքները կոկորդումս խեղդած եմ գրում այս տողերը, երբ նայում եմ կապույտ երկնքին, թերթում մեր գոյամարտի փառավոր էջերը, հիշում հանուն հայրենիքի կյանքը զոհած հավերժի ճամփորդներին:
Ես անցած օրերի պատերազմն եմ հիշում, նոր օրերի մեծագույն կորուստը մեր: Ես հավատում եմ, որ մի օր թշնամին պատասխան է տալու մեր կորցրած հողերի, այն լավ տղաների կյանքը մկրատելու համար, մեր թափած արցունքի համար, ամեն մի արձակած գնդակի համար: Պատասխան է տալու` մոր աչքը որդու ճամփին թողնելու, հերոս տղաների ճակատագրերն անհայտ թողնելու համար...
Շատերին կարող է տարօրինակ թվա իմ երազանքը, բայց ես հայուհի եմ` վրեժով լցված, և համոզված եմ, որ յուրաքանչյուր գնդակ իր նպատակին է հասնելու: Եվ եթե պահը գա, անկասկած, րոպե անգամ չմտածելով, կյանքս կտամ հայրենիքիս:
Իմ զինվո՛ր եղբայր, ուզում եմ միշտ իմանաս, որ եկեղեցում վառածս մոմերից մեկը միշտ քեզ համար է, գիշերվա աղոթքներս քեզ համար են, նաև` Արցախիս խաղաղության համար. «Տե՛ր, խնդրում եմ, թո՛ղ ամեն զինվոր հասնի իր օջախը, թո՛ղ նա իր աչքերը բացի խաղաղությամբ, թո՛ղ երբեք չարթնանա թշնամու կրակոցից…»:
Զինվո՛ր, զգո՛ն եղիր, հպա՛րտ, ուժե՛ղ եղիր, քանզի հաղթանակը կախված է որակից, այլ ոչ թե քանակից, իսկ թշնամին չունի այն ոգու ուժը, որն ապրում է քո մեջ: Ուզում եմ իմանաս, որ թիկունքում մենք քեզանով ենք ոգեշնչվում, քեզանով ապրում, խաղաղություն, համբերություն ու բարի հերթապահություն քեզ, իմ եղբա՛յր զինվոր: Սպասի՛ր, մի օր ես էլ կգամ քեզ հերթափոխելու»:
Պատմական հիշողությունն օգնում է մանկավարժներիս` հայ կանանց կերպարների տարբեր օրինակներով վարակել և դաստիարակել սովորողներին, բայց, չգիտեմ ինչու, ամենևին չեմ ուզում մեր աղջիկներին տեսնել դիրքերում` սահմանապահ զինվորների կողքին: Այս անգամ «ո՛չ» եմ ասում իմ աշակերտուհու այս երազանքին, որ ցանկանում է զինվորական համազգեստ հագնել, զենք ունենալ ձեռքին:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8226 անգամ