Ձախ Հարութի երևանյան համերգն անմոռանալի երեկո է լինելու. Խաչիկ Եղոյանը ներկայացնում է միջոցառման մանրամասները armarlur
2017-02-14 14:22:00


 

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, Հայաստանում մենահամերգ չի ունեցել 2012 թվականից: Նրա երևանյան համերգը, որը կազմակերպվելու է այս տարվա մայիսի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, սպասված իրադարձություն է սիրված արտիստի բազում երկրպագուների համար: Հին ու սիրված երգեր, նոր ստեղծագործություններ, անակնկալ հյուրեր. միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է Ձախ Հարութի համերգի մանրամասները:

-Ինչպե ՞ս առաջացավ Ձախ Հարութի մենահամերգը Հայաստանում կազմակերպելու գաղափարը:

– Ձախ Հարութն ու հայրիկս (հաղորդավար Արտավազդ Եղոյանը-հեղ.) ընկերներ էին, ես դեռ չէի ծնվել, երբ նրանք ստեղծել էին «Էրեբունի» վոկալ-գործիքային համույթը: Հայրս ինձ շատ էր պատմել Ձախ Հարութի մասին: Տարիներ անց, երբ նա ԱՄՆ-ից եկավ Հայաստան, մեր միջև կապ ստեղծվեց: Ինչպես բոլորը, այդպես էլ ես սիրում էի Հարութին և նրա երգերը: Հինգ տարի առաջ սկսեցինք համագործակցել որպես գործընկերներ, դարձանք ընկերներ, թեև ունենք տարիքային մեծ տարբերություն: Վերջին տարիներին Ձախ Հարութին ԱՄՆ-ից պարբերաբար` ամսվա մեջ մեկ-երկու անգամ, հրավիրում են Հայաստան` տարբեր միջոցառումների: Նման ակտիվությունը և մարդկանց սերը մեզ ստիպեց հասկանալ, որ մեծ համերգ կազմակերպելու պահը հասունացել է: Մանավանդ, որ վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թվականին և մուտքը եղել է միայն հրավիրատոմսերով: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր տարբեր շերտերում ծանոթներ չունեին, չէին կարողացել ներկա գտնվել այդ համերգին: Պետք էր այդ մարդկանց համար համերգ կազմակերպել: Անցյալ տարվա վերջին որոշեցինք, որ 2017-ին պետք է կազմակերպենք Ձախ Հարութի մենահամերգը: Ես առաջարկեցի, որ այն տեղի ունենա մայիսի` մեր հաղթանակների ամսվա ընթացքում:  Համերգի հետ կապված ամեն ինչ եռագույն է` տոմսերը, ազդագրերը, ազդերիզները (բաներներ):

…Վերջին շրջանում, երբ Ձախ Հարութը Հայաստան էր այցելում, հաճախ էինք քայլում Հյուսիսային պողոտայով: Մեկ-երկու ժամից ավելի էր տևում այդ ճանապարհն անցելը: Մարդիկ մոտենում էին նրան, ողջագուրվում, երգում էին, խնդրում իրենց հետ երգել: Ու մենք հասկացանք, որ պահը հասունացել է, պետք է համերգ կազմակերպել:

-Ինչպիսի ՞ ն է Ձախ Հարութի արձագանքը: Սպասու ՞մ է, պատրաստվո՞ւմ համերգին:

– Շատ է սպասում: Ես 20 տարուց ավելի որպես ռեժիսոր և պրոդյուսեր աշխատում եմ մշակույթի և շոու բիզնեսի ոլորտում, բայց չեմ տեսել նման բարձր պատասխանատվության զգացում ունեցող արտիստի: Թող ներեն ինձ իմ ընկերները: Նույնիսկ հարսանեկան և այլ արարարողությունների ժամանակ երգելու համար Ձախ Հարութը պատրաստվում է 7-10 օր. կենդանի նվագակցությամբ կատարում այն երգերը, որ երգել է 40 տարի: Եվ երբևիցե որևէ տեղ չի երգել «մինուս» տարբերակով:

Համերգը կրում է My Life («Իմ կյանքը») անվանումը: Յուրատեսակ հաշվետվություն է լինելու, որը կարծես ամփոփելու է Ձախ Հարութի համերգային գործունեությունը:

-Գաղտնիք չէ, որ Ձախ Հարութն ունի բազմաթիվ սիրված ստեղծագործություններ ունի: Ի՞նչ գործեր են հնչելու համերգին:

-Համերգը լի է լինելու անակնկալներով: Երկրպագուները կունկնդրեն հին ու դասական դարձած երգեր. ամեն մեկը կգտնի իր սիրած երգը, այն երգը, որի ներքո սիրահարվել է, առաջարկություն արել իր կնոջը և այլն: Իհարկե, ներկայացվելու են նոր երգեր: Կարող եմ ասել, որ հնչելու է Համո Սահյանի խոսքերով և Նարեկ Դուրյանի երաժշտությամբ My Life («Իմ կյանքը») երգը. հենց այդ ստեղծագործության անունն է կրում համերգը: Կհնչեն նաև նոր երգեր:

-Անդրադառնանք նաև Yeghoyan Production-ի գործունեությանը: Ի՞նչ կարևոր միջոցառումներ եք հասցրել կազմակերպել:

-Մեր 20-ամյա կազմակերպությունը ժամանակին կոչվում էր «ԳԱԽԵՔՍ» երիտասարդականմիություն: Ժամանակի ընթացքում անվանումը փոփոխության ենթարկվեց, 7 տարի է Yeghoyan Production անվանմամբ ենք ներկայանում: Բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել: Կարող եմ նշել մի քանիսը, որոնցից շատերը մեծ արձագանքներ ունեցան: Ժամանակին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ առաջին իրապատում շոուներից մեկը կազմակերպեցինք, որը կոչվում էր «Աստղաձուլարան»: 2007 թվականին էլ հինգ Արսեն Գրիգորյաններին հավաքեցինք և նրանց մասնակցությամբ յուրահատուկ միջոցառում կազմակերպեցինք:

Մեր կազմակերպության վերջին ձեռքբերումներից էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում հայկական եկեղեցիների դռներ լուսանկարեցինք` ներկայացնելով դրանք հանրությանը: Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, ակտիվ գործունեություն ծավալել:

-Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու:

-Շատ նպատակներ ունենք, չեմ ցանկանում բարձրաձայնել: Եթե ողջ մնացի Ձախ Հարութի համերգից հետո, կխոսենք հաջորդ ծրագրերի մասին (կատակում է.-հեղ): Հորդորում եմ, որ մարդիկ գան, մասնակցեն Ձախ Հարութի համերգին, խոստանում եմ, որ անմոռանալի է լինելու: Նման խոստում տալու համարձակությունն ինձ տվել է ժողովուրդը: Մեր ամբողջ էներգիան ներդնում ենք այդ համերգի վրա. անմոռանալի երեկո ենք կազմակերպելու:

armarlur.com

Այս նյութը դիտել են - 53075 անգամ