«Հետաքրքիր է, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի: Մենք ուշի ուշով հետևելու ենք այս ամենին: Կարևոր է, որ կողմերը փոխադարձ հարգանքով միմյանց վերաբերվեն, այստեղ ավելորդ շոուի կարիք չկա, այլ կա վեճի ճշմարիտ և արդար լուծման անհրաժեշտություն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությանը:
Անդրադառնալով դիտարկամանը, որ ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ Սիրանույշ Պապյանը, դատի տալով ոստիկանապետին, փորձում է հայտնի դառնալ, Ա. Մելիքյանն ընդգծեց, որ Սիրանույշ Պապյանը ամենևին էլ կարիք չունի հայտնի դառնալու, որպես լրագրող նա հայտնի է իր դաշտում. «Եղել է ոստիկանապետի կողմից վիրավորական արտահայտություն, դրա համար լրագրողը դիմել է դատական ատյանը:
Տիգրան Աթանեսյանը ամենևին տեղին չի օգտագործել այս արտահայտությունը: Լրագրողներն էլ կարող են հակադարձել՝ ասելով, որ Տիգրան Աթանեսյանը, ոստիկանապետի շահերը պաշտպանելով, ձգտում է հայտնի դառնալ»:
Ա. Մելիքյանը նաև նշեց, որ Տիգրան Աթանեսյանին ճանաչում է և նրան համարում է պրոֆեսիոնալ փաստաբան. «Ուզում եմ նրան կոչ անել, որ նա մեծամտաբար իր երիտասարդ գործընկերների հասցեին այդպիսի՝ իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ չանի: Կրկնում եմ՝ լրագրողը լրացուցիչ ուշադրության կարիք չունի»:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կոռեկտության կոչ եմ անում․ Սիրանույշ Պապյանը հայտնի դառնալու խնդիր չունի․ Աշոտ Մելիքյան