՝՝Աշխարհն ավելի է թունավորվում ու դառնում ավելի վտանգավոր՛՛ Amerikayidzayn
2017-02-22 23:52:00

՝՝Միջազգային համաներում՛՛՝ “Amnesty International” մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, իրենց ՝՝թունավոր հռետորաբանությամբ՛՛ ավելի են մասնատում աշխարհն ու այն դարձնում ավելի վտանգավոր։

“Amnesty International” մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հրատարակել է 2Օ16-17 թվակականների ամենամյա զեկույցը։ Զեկույցը ներկայացնում է աշխարհի 159 երկրներում տիրող իրավիճակը, այդ թվում շարունակվող քաղաքացիական պատերազմները, դրանց արդյունքում առաջ եկող փախստականության ճգնաժամը, մարդու իրավունքները ոտնահարելու փաստերը։

՝՝Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՛՛ վերտառությամբ զեկույցում ասված է, որ տարբեր երկրներում քաղաքական գործիչները տնտեսությանը ու անվտանգությանը վերաբերող խնդիրները փորձում են լուծել ՝՝թունավոր եւ մասնատելու նպատակ ունեցող քաղաքականությամբ՛՛։

Ավելի փոքր երկրների առաջնորդները հռետորաբանությամբ են զբաղվում՝ ավելի մեծ երկների, այդ թվում ԱՄՆ-ի առաջնորդներից օրինակ վերցնելով։

Ինչպես “Amnesty International”-ի ներկայացուցիչ Ադոթեյ Աքուեյն է ասում, ՝՝Վտանգավորը ոչ միայն մեծ պետությունների առաջնորդների հռետորաբանությունն է, այլ նաեւ նրանց գործունեությունը, իրենց քաղաքականությունն ուժի մեջ դնելու եղանակները, որոնք դառնում են օրինակ՝ փոքր երկրների համար՛՛։

Աքուեյի խոսքերով, փախստականները Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում կանգնած են ուժեղ հակազդեցության վտանգի առջեւ՝ ահաբեկչության նկատմամբ առկա ոչ իրատեսական մտավախության պատճառով։

Նա ասում է նաեւ, թե որոշ երկրներում փախստականության հոսքի վրա դրվող սահմանափակումները եւ արգելքները ոտնահարում են փախստականներին օժանդակելու միջազգային համակարգը։

՝՝Միջազգային համաներում՛՛ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նաեւ մտահոգություն է արտահայտված այն կապակցությամբ, որ մի շարք երկրներ, որոնք անցյալում շարունակ հանդես են եկել մարդու իրավունքները պաշտպանելու քաղաքականությամբ, այսօր ինչ որ կերպ աչք են փակում այլ երկրներում կիրառվող դաժանությունների առջեւ՝ իրենց իսկ վերածելով մարդու իրավունքները ոտնահարող պետությունների։

Այս նյութը դիտել են - 3216 անգամ