ԱՄՆ-ի նախագահը պատարասում է ներգաղթը սահմանափակող նոր հրամանագիր amerikayidzayn 2017-02-23 00:37:00
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այս շաբաթվա ընթացքում ստորագրել երկրում ներգաղթն արգելելու մասին հրամանագրի փոփոխված մի տարբերակ։ Իսկ այս ընթացքում ազգային անվտանգության նախարարությունը ներկայացնում է երկրից արտաքսումների ծավալները մեծացնելու ուղեցույցների ցանկ։ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամբողջ թափով առաջ է տանում անօրինական փախստականության ծավալները կրճատելու ուղղությամբ սկսած գործունեությունը։ Այս մասին է վկայում նաեւ ներգաղթի նկատմամբ ավելի խիստ քաղաքականություն վարելու մասին ազգային անվտանգության նախարարության հրապարակած ուղեցույցների շարքը։ Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով, այս քայլերն ապացուցում են, թե ազգային անվտանգության նախարարությունը որքան է փորձում ապահովել երկրի հարավային սահմանների անվտանգությունը, խոչընդոտել անօրինական փախստականների հետագա մուտքը երկիր եւ ՝՝սահուն, ու մարդկային եղանակով՛՛ արտաքսել անօրինական փախստականներին։ Նախարարությունը նախատեսում է 15 հազարով համալրել սահմանային ուժերի թվակազմը։ Սակայն Սպիտակ տունը նշում է, որ նպատակը զանգվածային արտաքսում սկսելը չէ։ Շոն Սպայսերի խոսքերով. ՝՝Սպիտակ տան ու ազգային անվտանգության նախարարության նպատակն առաջին հերթին այն անձանց արտաքսելն է, որոնք վտանգ են ներկայացնում հասարակական անվտանգությանը, նրանց, ովքեր դիմել են հանցագործությունների։ Մենք այս գործում լինելու ենք հետեւողական՛՛։ Նոր ուղեցույցն ի դեպ, չի վերացնում ՝՝Մանկության տարիներին ժամանած անձանց կեցության իրավունք՛՛ անվանումը կրող գործառույթով նախատեսված պաշտպանվածությունը։ Հիշեցնենք, որ այս ծրագիրն ամերիկյան փաստաթղթեր չունեցող որոշ փախստականների տալիս է ԱՄՆ-ում աշխատելու եւ բնակության իրավունք՝ առանց օրինական կարգավիճակ հատկացնելու։ Թրամփը պատրաստվում է ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու մասին նոր հրամանագիր ստորագրել, քանի որ մի քանի դատարաններ արգելել էին ուժի մեջ դնել նախագահական նրա նախկին գործադիր որոշումը, հունվար ամսին ստորագրված որոշում, որի համաձայն արգելվում էր մահմեդական յոթ երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ։ Որոշում, որի հրապարակումից հետո բողոքի ցույցեր սկսվեցին ԱՄՆ-ի մի շարք օդանավակայաններում։ Սպիտակ տունը հայտարարում է, թե Թրամփը չի հրաժարվելու նախկին որոշումից, քանի որ ՝՝նախագահը պիտի անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար՛՛։