Մասիսի քաղաքապետը տեղյակ չէ թե ինչ է տեղի ունենում քաղաքում. ծեծկռտուքի մասին տեղեկանում է համացանցից Hraparak2017-02-24 01:07:00
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր մամուլից է տեղեկացել, որ Մասիսում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ «Ես արդեն ասել եմ, որ ես այդ մասին տեղեկացել եմ համացանցից, մնացածը կարելի է իրավապահ մարմիններից ճշտել, որ տեղեկությունը սխալ դուրս չգա», -Hraparak.am-ին ասաց Դավիթ Համբարձումյանը։
-Բայց խոսքը ձեր քաղաքին է վերաբերում, Դուք անհանգստացա՞ծ չեք այդ առումով։
-Ես քաղաքում տեղի ունեցող յուրաքանչյուր խնդրով անհանգստացած եմ, բայց եթե պրոցես կա, որ տիրապետում է իրավապահ մարմինը, ես իրավունք չունեմ էդ պրոցեսի վերաբերյալ որևիցե կարծիք հայտնելու կամ գուշակություններ անելու։
-Իսկ մանրամասներին Դուք ինչքանո՞վ եք ծանոթ՝ ով է ում ծեծել, ինչ է եղել իրականում։
-Մանրամասներին ես տեղյակ եմ համացանցից, վերջնական արդյունքում ինչ-որ իրավապահ մարմինները կպարզեն, բոլորս կիմանանք։
-Իսկ Դուք ընտրական պրոցեսներին ինչքանո՞վ եք ներգրավված։
-Ընտրական պրոցեսները դեռ չեն սկսվել, երբ որ կսկսվեն, խնդրեմ, համեցեք, ամեն ինչ կներկայացնենք։
-Ասում են, որ Մասիսի քաղաքային իշխանություններին, մասիսցիներին դուր չի եկել, որ Արայիկ Գրիգորյանն ու իր թիմակիցները մտել են Մասիսի տարածք, այնտեղ շտաբ են բացել․․․
-Նման խնդիր չկա, այսինքն՝ քարոզչությունը, երբ որ կսկսի, ով ուզում ա, թող քարոզչություն իրականացնի, ինչի՞ մասին ա խոսքը։
-Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ տարածքների բաժանում է արված ՀՀԿ-ական թեկնածուների միջև, և Մասիսը Մուրադ Մուրադյանին է տրված։
-Էդ չգիտեմ ում ինֆորմացիան է, ինչ տարածքի բաժանում է արված կամ որտեղ ինչ են բաժանել, բայց, երբ որ քարոզչությունը սկսի, յուրաքանչյուր ոք, ով մասնակցում ա ընտրություններին, իրավունք ունի քարոզչություն իրականացնի, որևիցե խնդիր չեմ տեսնում։
-Դուք որևէ թեկնածուի կսատարե՞ք։
-Ժամանակը կգա, կասեմ՝ ում եմ սատարում։ Ես «Հանրապետական» կուսակցությանն եմ սատարում։
-Իսկ ռեյտինգային թեկնածուների՞ց։
-Ժամանակը կգա, կիմանաք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
hraparak.am
Այս նյութը դիտել են - 8421 անգամ