«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
– Պարոն Համբարձումյան, Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Արարատի մարզում իրավիճակն ինչպիսի՞ն է, հատկապես նախընտրական զարգացումների առումով։
– Շատ լավ, ամեն ինչ նորմալ է, ընտրությունները, մասնավորապես Մասիսում շատ նորմալ են լինելու, հանգիստ, ակուրատնի ընտրություններ են լինելու։
– Սակայն, մարզում բոլորը խոսում են, որ կրքերը գնալով թեժանում են ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի առաջադրած ռեյտինգային թեկնածուների միջև։
– Ոչ մի կրքեր էլ չեն թեժացել, ամեն ինչ նորմալ է։ Ես Մասիսում ՀՀԿ-ի շրջանային խորհրդի ղեկավարն եմ և վստահեցնում եմ, որ Հանրապետական կուսակցությունը բացարձակ հաղթանակ է տանելու։
– Անկախ նրանից, որ Հովիկ Աբրահամյանն այլևս ՀՀԿ-ի համա՞ ր չի աշխատում։
– Այո, անկախ դրանից։
– Իսկ լարվածություն կա՞ նրա՝ ՀՀԿ-ն լքելուց հետո: Գյուղապետերից շատերն էլ հետևեցին Հովիկ Աբրահամյանին և ՀՀԿ-ից դուրս եկան։
– Մասիսում նման դեպք չի եղել, ընդհակառակը, նոր մարդիկ են եկել, անդամագրվել կուսակցությանը։ Ներհոսք կա։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում մարդկանց տրամադրվածությունը, շատերը կարծես՝ հիասթափված են ընտրություններից, չեն ուզում մասնակցել։
– Մասիսի տարածաշրջանում և Մասիս քաղաքում ընտրողները շատ ակտիվ մասնակցում են ընտրություններին։ Ինձ թվում է՝ երբ քարոզարշավը սկսվի, բոլորը կտեսնեն, որ Մասիսում ամեն ինչ նորմալ է։
– Իսկ Հովիկ Աբրահամյանն ակտիվություն չի՞ դրսևորում, նկատի ունեմ իր համախոհներին հավաքել և ՀՀԿ-ի դեմ աշխատել։
– Տեղեկություններ չունեմ այդ մասին։
– Բայց նրա որդին Արարատի մարզում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Մտավախություն չկա՞, որ ձայների կեսը կարող է գնալ «Ծառուկյան» դաշինքին՝ հաշվի առնելով, որ լուրջ մրցակցություն կա այստեղ։
– Հովիկ Աբրահամյանի որդուն չեմ ճանաչում և ընդհանրապես տեղյակ չեմ, թե Հովիկ Աբրահամյանի որդին ինչով է զբաղվում։ Ես կարող եմ պատասխան տալ միայն Մասիսի համար և համոզված եմ, որ ՀՀԿ-ն բարձր արդյունքներ է գրանցելու այստեղ։ Ապրիլի 3-ին բոլորս միասին արդյունքները կտեսնենք։
Այս նյութը դիտել են - 24529 անգամ