Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի (5 կուսակցություն և 4 դաշինք) նախընտրական կարգախոսներն արդեն հայտնի են: Փորձենք դիտարկել դրանք.
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով- ավելի քան մեկ տասնամյակ իշխանությունը ստանձնած քաղաքական ուժի համար այս կարգախոսը առնվազն ինքնաքննադատության տպավորություն է թողնում:
ՀՀԿ-ն կարծես թե արձանագրել է սեփական բացթողումները՝ արձանագրելով, որ մեր երկրում այս պահին անվտանգությունն ու առաջընթացը չլուծված խնդիրներ են: Իսկ սա նշանակում է, որ նրանք՝ իբրև իշխանություն, չեն կարողացել բավարար չափով կատարել իրենց հիմնական պարտականությունը: Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմի օրերին սա առավել քան ակնհայտ դարձավ, իսկ աղքատության աճն ու տնտեսության շարունակական անկումը թերևս փաստում են առաջընթացի անհրաժեշտությունը:
ՀՀԿ-ի ընտրած նախընտրական կարգախոսը օրիգինալ չէ նաև նոր իմպուլսներ առաջացնելու առումով. 2012 թվականին ՀՀԿ-ն ընտրություններին ներկայացել էր «Դեպի ապահով Հայաստան», իսկ 2007-ին՝ «Առա՜ջ, Հայաստա՛ն» կարգախոսներով: Պետք է արձանագրել, որ անվտանգ առաջ շարժվելու գաղափարի շուրջ կառուցված երեք կարգախոսներից ամենահաջողը հենց այս անգամվա կարգախոսն է:
«Ծառուկյան» դաշինքի կարգախոսն է՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» – Փոփոխվելու և հավատալու մասին նախորդ ընտրությունների ժամանակ խոսում էր ՀՀԿ-ն: Նախկին ԲՀԿ-ի միջոցով, իսկ այսօր «Ծառուկյան» դաշինքով ընտրությունների մասնակցող ուժը թերևս սեփական օրինակով արձանագրում է, որ ինքն այլևս փոխված է, մնում է կառուցել: Բայց ինչ և ինչպես կառուցել. այս տեսանկյունից «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսը գուցե շատ պրակտիկ է, սակայն լավատեսության առումով հավատ առանձնապես չի ներշնչում: Այս տեսանկյունից ԲՀԿ-ի նախորդ կարգախոսը՝ «Հավատա, վստահիր, պահանջիր» ավելի լավատեսական ու ստացված էր:
Նախկին ՕԵԿ-ը՝ «Հայկական վերածնունդը», (ՀՎԿ)-ն ընտրություններին մասնակցում է«Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», կարգախոսով – թերևս փորձ է արված բառախաղի միջոցով քաղաքական տրամադրություն ստեղծել: Բայց այս դեպքում էլ ասոցացվում է, որ քաղաքական ուժն ավելի շուտ սեփական կարգախոսը հորինել է՝ իր քաղաքական կենսագրությունը արձանագրելու, քան թե ընտրողի համար: Նշանակում է նաև, որ իբրև կարգախոս՝ Արթուր Բաղդասարյանի այս անգամվա ընտրած բառակապակցությունը շատ երկար է. այդպիսին էր նաև նախորդը՝ 2012-ին ՕԵԿ– ընտրած կարգախոսը՝ «Հավատա և պահանջիր, վստահիր ևպահանջիր, աջակցիր և պահանջիր»:
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ)՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսը թեպետ ընդհանուր առմամբ նման է դաշնակցությանը և այս իմաստով ամենևին էլ օրիգինալ չէ: Թերևս տարակուսելի է, թե հին ընկերները իշխանության հետ կոալիցիա կազմելուց հետո՞ են արձանագրել իրենց նոր սկիզբը, թե՞ հույս ունեն, որ այդ նոր սկիզբը գալու է ապրիլի 2-ից հետո, երբ իրենք այլևս արդարության նոր ճանապարհ հայտնաբերած կլինեն: 2007-ին ՀՅԴ-ն ներկայացել էր «Մեր հին ընկերը դաշնակցությունն է» կարգախոսով, որը ամենահաջողվածն էր այս կուսակցության բոլոր մյուս կարգախոսներից, և իր հանրաճանաչությամբ համարյա մրցում էր «Ազատություն կամ մահ» կարգախոսի հետ:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)` «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսը թերևս կանխատեսելի էր և բնորոշ բոլշևիկյան կուսակցության հիմնական առաջնահերթություններին:
«Ազատ դեմոկրատները» (ԱԴ)` «Մենք կարող ենք» կարգախոսը- կարճ է ու խոսուն և առաջին հայացքից հիշեցնում է 2012-ին «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» . դաշինքի «Մենքգալիս ենք» կարգախոսը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքինը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»-ը, ևս բառախաղի վրա է կառուցված, և այսքանով էլ անհաջող է, որովհետև ժառանգությունը, եթե նկատի ունենք, թե 2013-ին այս անունը կրող կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպես վարվեց իրեն տրված հաղթանակի և քվեների հետ, ապա միանգամից հիասթափություն կառաջանա, և հաղթանակի ու համախմբման տեսլականները հօդս կցնդեն:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքինը՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», կարգախոսի հեղինակը ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նա այս կարգախոսը հրապարակել էր ՀԱԿ վերջին համագումարում, որտեղ նա հանդես եկավ Ղարաբաղի հարցի լուծման զիջողական ելույթով: Կարգախոսը լիովին բխում է ելութի տրամաբանությունից և առաջացնում է Արցախի հարցը ամեն գնով լուծելու ասոցիացիա:
«Ելք» դաշինքինը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»- կարգախոսը, հաշվի առնելով, որ սա նոր քաղաքական ուժ է, կարծես թե վատ չի ստացվել: Քաղաքական դեվիզն էլ պարզ է՝ ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների և հաղթանակի:
Հայկ Դավթյան
Այս նյութը դիտել են - 1584 անգամ