Ընտրություն, որը պատվի հարց է դառնալու Hayeli2017-02-26 23:56:00
Տարիներ շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան իր հայտնի ու անհայտ մեթոդներով մարզում իշխանության համար բարձր տոկոսներ է խփել:
Այսօր, երբ նա ձիու վրա չէ ու մի քիչ էլ նեղացած է իշխանություններից, անշուշտ, ինտրիգային ընտրություններ են սպասվում: Լիսկայի սուրբ տեղը դատարկ չթողնելու խոստում է տվել գործող մարզպետ Վահե Հակոբյանը, ով մտերիմների մոտ խոստովանել է, որ իր պատվի հարցն է լինելու այս ընտրություններում ստացած ձայների տոկոսը:
Վայոց Ձոր և Սյունիքի մարզերից Կ ռեկտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ ինքը՝ մարզպետը: Հասկանալի է, որ ամբողջ Վայոց Ձորի տարածքի նկատմամբ Աշոտ Արսենյանի վերահսկողությունն է, նա է այս ընտրատարածքի ամենաուժեղ մրցակիցը, որի համար, անշուշտ, քվե ստանալը առանձնապես բարդ խնդիր չի լինելու: Սսակայն Սյունիքում իրավիճակը այնքան էլ միանշանակ չէ:
Ճիշտ է՝ Վահե Հհակոբյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հայտնի է իր գործունեությամբ, մենք նախկինում բազմիցս գրել ենք, որ նրան անվանում են <<կագեբեշչնիկ>>, որովհետեւ այդպիսի սկզբունքներով էլ նա հարաբերվում է ենթակաների, մարզի բնակիչների եւ բնականաբար մրցակիցների հանդեպ: Նա նույնիսկ գործնական հարաբերություններում է կոնֆլիկտային եւ ենթականերին նայում է <<վերեւից>>, հետեւաբար քչերն են նրա համար ջանք գործադրելու: Վահե Հակոբյանը խորհրդարան անցնելու ցանկություն չունի, մի քանի տեղ ասել է այդ մասին, որ իր փոխարեն կգործուղվի մեկ ուրիշը, բայց ընտրությունների արդյունքներից է կախված լինելու մարզպետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը, այդ արդյունքներից է երեւալու մարզում ունեցած ազդեցությունն ու հեղինակությունը: Այս առումով արտաքուստ հանգիստ եւ ՀՀԿ-ին աջակցելու մասին հայտարարություններ անող Սուրիկ Խաչատրյանը ձեռքերը ծալած չի նստելու: Նա պետք է ցույց տա, որ իր հեռացումից հետո իշխանությունը կորցրել է մարզը:
Այս առումով ենթադրվում է, որ Խաչատրյանը քողարկված կաշխատի Հակոբյանի դեմ: Այնպես որ ընտրապայքարը հիմնականում իշխանության ներսում է լինում: Չնայած այս ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրվում է նաեւ Սյունիքում հեղինակություն վայելող Սամվել Հարությունյանը՝ Գորիսի նախկին քաղաքապետ:
Նա այս ընտրություններին Ազատ դեմոկրատների ռեյտինգային ցուցակում է , Սուրիկ Խաչատրյանի երբեմնի ոխերիմ թշնամին հիմա հարթել է իր հարաբերությունները Խաչատրյանի հետ: Ելք դաշինքից էլ առաջադրվելու է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հասկանալի է, որ դաշինքում խարիզմատիկ թեկնածուների պակասն է Սարգսյանին հարազատ Արարատից տեղափոխել Վայոց Ձոր ու Սյունիք, սակայն Արամ Սարգսյանը տեղային ճանաչելիություն չունի ու հնարավոր է գրագետ քարոզչության դեպքում նրա առաջ լայն հնարավորություններ բացվեն:
ՀՅԴ-ի կարկառուն թեկնածուն է նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, Ծառուկյան դաշինքում հայտնի թեկնածուների խնդիր չկա, այստեղ ռեյտինգայինով կառաջադրվեն Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգո Բագրատյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, պատգամավոր Մերուժան Սիմոնյանը եւ այլք: Մյուս ուժերից հայտնի թեկնածուներ կարծես թե չկան, կամ գուցե կան, բայց մեզ հայտնի չեն:
Անի Սահակյան
Այս նյութը դիտել են - 1397 անգամ