Լյովա Խաչատրյանն առաջարկում է հրատապ փոխել Ընտրական օրենսգիրքն ու դատել դրա հեղինակներին Hraparak
2017-02-27 01:17:00
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լjովա Խաչատրյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելույթ ունենալով՝ դժգոհություն հայտնեց Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։
«Իհարկե, բոլորի մոտ վրդովմունք է առաջացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, բայց վերջին օրերին նախընտրական գործընթացների հետ կապված լրատվությունը ոչնչով չի տարբերվում ֆրոնտից եկող լուրերից»,-ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ այնպիսի մի Ընտրական օրենսգիրք մատուցվեց ժողովրդին, որի վերաբերյալ ինքը միշտ հայտարարել է, որ սա միմյանց պառակտելու և իրար հետ կռվելու մասին հրովարտակ էր։
«Չե՞ք կարծում, որ նախ այս Ընտրական օրենսգիրք գրողներին պետք է պարտադրել առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Երկրորդ, վերջին երկու միջադեպերի հետ կապված՝ առաջարկում եմ դատական գործընթաց ոչ թե միջադեպի մասնակիցների հանդեպ, այլ Ընտրական օրենսգիրք գրողներին։ Եվ երրորդ, առաջարկում եմ այս Ընտրական օրենսգիրքը հրատապ, այս մի քանի օրվա մեջ փոխել․ պատերազմող երկրի համար ճոխություն է նման Ընտրական օրենսգիրք ունենալը և ժողովրդին միմյանց դեմ հանելը։ Ներքին պառակտումն ամենավատն է, որին կարող է տանել այս Ընտրական օրենսգիրքը»,-նշեց Լյովա Խաչատրյանը։
Նկատենք, որ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը ևս առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում, որտեղ երեկ կրկին միջադեպ էր տեղի ունեցել երկու տարբեր ուժերի միջև։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
hraparak.am
Այս նյութը դիտել են - 1786 անգամ