Արթուրը կարող է դառնալ ժողովրդական հեղափոխության յուրահատուկ սիմվոլ
2017-02-27 01:45:00
Արևմտյան աշխարհում, որի մասն ենք մեզ համարում նաև մենք՝ հայերս, կամ գոնե դրա արժեքների կրողը, արդարադատության սիմվոլ է ընտրվել հին հունական աստվածուհի Ֆեմիդան, որը պատկերվում է փակ աչքերով, ինչն էլ խորհրդանշում է արդարադատության անաչառությունը։
Սակայն հայաստանյան արդարադատության մեկ աչքը երբեմն բացվում է․այն բացում են իշխանությունները, երբ իրենց պետք է արդարադատությունն օգտագործել սեփական նպատակներով։
Արդեն քանի օր է՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է․նրան կրկին կալանավորել են և անհասկանալի է, թե ինչու։
Ակնհայտ է, որ չնայած Արթուրը խախտել է իրավական որոշ նորմեր, անցել է ոստիկանության կողմից վերահսկվող տարածք, սակայն նրա գործողությունները հանրային վտանգ չեն ներկայացրել և դա անելով նա վտանգել է միայն սեփական կյանքն ու առողջությունը։ Արթուրը չի եղել զինված և խուզարկությամբ էլ նրա տանը զենք չի հայտնաբերվել։ Ավելին, հիմքեր չկան կասկածելու, որ ինքը խուսափում է իրավական պատասխանատվությունից։
Այս դեպքում ո՞րն է նրան կալանքի տակ պահելու պատճառը։ Առավել ևս, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ աղմկահարույց սպանություններում, ծեծկռտուքին մասնակցելու դեպքերով կասկածվող բազմաթիվ հանրապետականներ, նրանց երեխաներ երբեք էլ չեն կալանավորվել, չնայած որ նրանցից շատերը՝ թե այն ժամանակ և թե հիմա իրական վտանգ են ներկայացնում հասարակության համար։
Պարզ է, որ Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելը կրում է բացառապես քաղաքական բնույթ։
Հաց բերողի նկատմամբ հասարակության վերաբերմունքը մեծամասամբ դրական է և Արթուրը կարող է դառնալ ժողովրդական հեղափոխության յուրահատուկ սիմվոլ։ Նա կարող է լինել ժողովրդական բողոքի յուրահատուկ կատալիզատոր, որը կբերի անդառնալի և անկանխատեսելի հետևանքների գործող իշխանությունների համար։ Սրանով է, որ Արթուրը վտանգ է ներկայացնում իշխանությունների համար և սա է նրան կալանավորելու միակ պատճառը։

Հ.Գ. Իշխանությունները պետք է հասկանան, որ Արթուրը կարող է այդպիսի սինվոլ լինել՝ գտնվելով նաև կալանավայրում։ Հաց բերողին ազատելու գաղափարը նաև կարող է միավորել հասարակությանը և բերել շատ ավելի հզոր բողոքի ակցիաների։ Այնպես որ, Արթուրին կալանավորելու հրաման տված հայտնի մարդը լավ կլինի, որ մեկ անգամ էլ մտածի։
Հրանտ Ենոքյան
Այս նյութը դիտել են - 4000 անգամ