Միացյալ Նահանգներին անհանգստացնում է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը
2016-01-16 10:06:00

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասն անհանգստություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների դեմ ուղղված ճնշումների կապակցությամբ:

«Լուրեր են ստացվում այն մասին, որ Թուրքիայի հարավ-արեւելքում շարունակվող հակամարտության վերաբերյալ կարծիքներ հայտնելու պատճառով, գիտնականների նկատմամբ իրականացվում են  հետաքննություններ եւ նրանց ենթարկում տուգանքների: Մենք կարող ենք չկիսել այդ գիտնականների կողմից արտահայտված կարծիքը, այնուամենայնիվ, մտահոգված ենք այդ ճնշումների կապակցությամբ: Դրանք ընկճում են ընթացող բռնության ակունքների եւ լուծումների վերաբերյալ Թուրքիայի հասարակության մեջ օրինական քաղաքական քննարկումները։: Ժողովրդավար հասարակության ներսում քաղաքացիների համար հրամայական է իրենց կարծիքների արտահայտումը, նույնիսկ, եթե դրանք հակասական են կամ համակրանք չեն վայելում:

Բռնությունների մասին մտահոգությունների արտահայտումն ահաբեկչության աջակցությանը չի հավասարվում: Կառավարության քննադատումը դավաճանությանը հավասար բան չէ: Թուրքիայի ժողովրդավարությունը բավականաչափ ամուր ու բավականաչափ կայուն է, որպեսզի ընդունի իր համար անհարմար մտքերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունքը», - գրել է դեսպան Ջոն Բասը:

Այս նյութը դիտել են - 1423 անգամ