Իմ և ընտանիքիս անվտանգության համար պատասխանատու է անձամբ Վլադիմիր Գասպարյանը
2017-02-27 03:56:00
Հանրահայտ փաստ է, որ բոլոր ժամանակներում էլ այն իշխանությունները,ովքեր խնդիր են ունեցել սեփական ժողովրդի հետ,ովքեր մշտապես սեփական աթոռը պահել են «զոռբայությամբ» ու անթույլատրելի միջոցների կիրառմամբ, ազատ խոսքն ու մամուլը,որպես կանոն,դիտարկել են իրենց թշնամի ու փորձել լռեցնել բոլոր նրանց,ովքեր բավարար համարձակություն են ունեցել ճշմարտությունը ասելու իշխանությունների երեսին: 
Այս իմաստով բացառություն չէ և հայաստանյան ներկան, ուր այժմյան իշխանությունները , հատկապես ոստիկանության միջոցով փորձում են ներազդել նույնիսկ Հայաստանից դուրս գտնվող ազատ լրատվամիջոցների կամ դրանց խմբագիրների վրա` կատարելով այնպիսի արգահատելի ու անընդունելի քայլեր, որ մարդ զարմանում է` մի՞թե դրսում 21-րդ դարն է, թե՞, այնուամենայնիվ, բոլշևիզմի ուրվականը դեռ շարունակում է շրջել Երևանի փողոցներով:
Ինչպես հայտնի է,վերջին շրջանում ՀՀ ոստիկանության թեթև ձեռքով պարբերաբար էլեկտրոնային դիվերսիա է իրականացվում որոշ լրատվամիջոցների, իսկ ավելի կոնկրետ` USArmenianews.com կայքի գլխավոր խմբագրիս, ազատ խոսքի ջատագով Գայանե Մանուկյանիս դեմ:
Չբավարարվելով անձիս ու հարազատներիս դեմ իրականացրած զրպարտչական խայտառակ գործողություններով` հիմա էլ,պարզվում է, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բազայից սոցիալական ցանցում է հայտնվել անձնական այնպիսի տվյալներ, որոնք գաղտնի են ու ուղղակի առնչություն ունեն իմ անձնական անվտանգության հետ:
Facebook-ում ի տես բոլորի ապօրինաբար տեղադրվել են իմ անձնագրային, սոցիալական քարտի, բնակությանը վերաբերող բոլոր տվյալները: Անգամ ինձ սպառնացել են` այլևս երբեք ոտք չդնել Հայաստան:
Այն, որ Հայաստանում մարդկանց անձնագրային տվյալներ հավաքագրելն ու ապօրինաբար գրանցելը նախընտրական սովորական պրակտիկա է, կարող է վկայել ցանկացած մեկն, ով մշտական հիմունքներով բնակվում է Հայաստանում: Հայաստանում սովոր են մարդկանցից նախապես «արյուն վերցնելուն»:
Այն, որ կարևորագույն այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք անձնագիրն ու սոց.քարտն է, կարող էին հայտնվել ոստիկանական համակարգի որոշ աշխատակիցների կողմից համացանցում, դժվար թե մեկի մտքով անցներ, քանի որ սա, ըստ էության, անմարդկային արարք է` հակասող բոլոր գրված ու չգրված օրենքներին:
Հարց է ծագում`որտեղի՞ց այդ սադրիչներին իմ և ընտանիքիս անձնագրային բոլոր տվյալները:
Պատասխանը՝ բնականաբար, մեկը կարող է լինել` ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանները և նրանց ենթակայության տակ գտնվողները, ովքեր չարաշահելով իրենց պաշտոնական դիրքն ու ֆունկցիաները, ոստիկանության համակարգին հարազատ մեթոդներով կատարել են ապօրինություն ու մասսայականացրել մի ինֆորմացիա,որի գաղտնիության ապահովումն անձի անվտանգության համար ծայրահեղ կարևոր է:
Եթե վաղը կամ մյուս օրը անձիս անվտանգությանը ռեալ սպառնալիք առաջանա,ապա դրանում պետք է նախևառաջ պատասխան տան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը և նրանց կոլեգաներից ոմանք, որոնց միջոցով էլ յուրատեսակ ահաբեկչության կատարողներն իրականացրել են իրենց չար մտադրությունը` սփյուռքում լռեցնելու ազատ խոսքն, ինչպես նաև սփյուռքահայերին նմանատիպ ստորություններով մեսիջներ հաղորդելու, թե տեսե՛ք, հաջորդը՝ դո՛ւք եք լինելու:
Այսինքն՝ չի բացառվում, որ նմանատիպ քայլերով նրանք կարող են Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի անձնագրային բոլոր գաղտնի տվյալները օգտագործել, չի բացառվում նաև, որ գործարքներ կկատարեն այդ տվյալներով, իսկ սփյուռքում ապրող մարդը, ով տուն տեղ թողել է մի կտոր հաց վաստակելու և իր գոյությունը պահպանելու համար, մտքով չի էլ անցնի, որ իր անձնագրային, սոց. քարտի տվյալներով ինչեր ասես որ կատարած չեն լինի ՀՀ ոստիկանական համակարգի որոշ պաշտոնյաներ:
Կարծում եմ , սա լուրջ խնդիր է, որը պետք է իրենց ուշադրության կիզակետում պահեն և արձագանքեն ՀՀ Սփյուռքի նախարար՝ տիկին Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը, ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ Դատախազությունը, ՀՀ Հատուկ Քննչական Կոմիտեն, ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունը, ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանը, և անձամբ ՀՀ նախագահը:
ՀՀ Ոստիկանության ուշադրությանը չե՛նք հրավիրում, որովհետև այդ ամենը կատարվել է հենց այդ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Որքան էլ ՀՀ ոստիկանական համակարգի որոշ պաշտոնատար անձինք ստորաբար մարդկանց ահաբեկեն,սպառնան, շանտաժ անեն կամ զրպարտեն, միևնույնն է, ոչնչի չեն հասնելու, ու արդարությունը հաղթելու է:
21-րդ դարում նմանատիպ ստորություններով լռեցնել ազատ խոսքը, դեռ ոչ մեկի մոտ չի՛ ստացվել, չի՛ ստացվի և ա՛յս անգամ…
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 32626 անգամ