Արնահոսության վտանգ կա. պաշտպանը տեսակցել է Հաց բերողին A1plus
2017-02-27 12:28:00

Արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա անկողնուց  վեր է կենում միայն բնական կարիքները հոգալու համար՝ այն էլ մարդկանց ուղեկցությամբ:

  Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց նրան այսօր տեսակցած  պաշտպան Դավիթ Գյուրջյանը:

 Պաշտպաններն ամեն անգամ նրան հորդորում են դադարեցնել հացադուլը, սակայն հաց բերող Արթուր Սարգսյանը չի ցանկանում լսել դրա մասին:

Հիշեցնենք, Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար: Նրա խափանման միջոցը փետրվարի 9-ին փոխվել է կալանքով, եւ ի նշան բողոքի հաց բերողը հացադուլ է սկսել:

Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի աջ ոտքի ծունկն է այտուցվել, ինչպես նաեւ խնդիրներ կան ձայնի հետ:  Թեեւ մի քանի օր է` արյան փսխումներ չեն եղել, բայց արյան համը, պաշտպանի խոսքերով, բերանի մեջ է եւ մտավախություն կա, որ արյունահոսությունը կսկսվի:

Տարբեր հիվանդություններով տառապող  Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարելով՝ հրաժարվել է նաեւ բժշկական օգնությունից:

a1plus.am

Այս նյութը դիտել են - 1744 անգամ