«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, ում ազատության համար արդեն քանիցս բողոքի ակցիաներ են իրականացվում, պարզվում է՝ Քանաքեռում Առաքելական եկեղեցու սարկավագներից է:
Այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Պալյանը՝ իր էջում գրառում կատարելով, որով նաեւ բավական կոշտ, սակայն արդարացի քննադատության է ենթարկել եկեղեցականներին:
Պաշտոնական Էջմիածնի կամ Արարատյան Հայրապետական թեմի կողմից որեւէ հերքող հայտարարություն չի հնչել, ինչը կարծես գալիս է ապացուցելու, որ հայտարարությունը հավաստի է:
Այս դեպքում ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին պատրաստ է իր սպասավորին` կապ չունի` դպիր, սարկավագ, քահանա, աբեղա, վարդապետ եւ այլն, զոհել հանուն իր իշխանահաճ կեցվածքի:
Արդյոք սա՞ է ուսուցանել Քրիստոս:
Արդյոք սա՞ պետք է քարոզի Առաքելական եկեղեցին Մեծ Պահքի այս քառասնօրյա շրջանում:
Արդյոք Գարեգին Բ-ի կամ Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսի արածը Հուդայի մատնություն չէ՞ կամ Պիղատոսյան ձեռնլվա:
Այսքանից հետո գոնե Գարեգին Բ-ն կամ Նավասարդ Կճոյանը կբարեհաճե՞ն կանգնել հասարակության կողքին, թե՞ դարձյալ հասարակ հայ մարդը, ՀՀ պարզ քաղաքացին միայնակ կմնա նաեւ հոգեւոր դաշտում, ինչպես մինչ հիմա է արդեն քանի տարի: Գարեգին Բ-ի համար լավագույն առիթն է ստեղծվում հանրային առումով «դեմքը բացելու»․ կամ ծառայում է իր շահին` Մամոնային, կամ Քրիստոսին եւ իր ժողովրդին:
Տիգրան ՎԱՀԱՆԵ
Այս նյութը դիտել են - 2398 անգամ