Նախնական տվյալներով, Գորիսի ոստիկանապետի կողմից փետրվարի 27-ին ծեծի ենթարկված Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էդմոն Խաչատրյանը պնդում է, որ իրեն ծեծողների մեջ եղել է ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Էդմոն Խաչատրյանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ պատմեց: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ի առավոտյան՝ Գորիսի ոստիկանությունում: Նրա խոսքով, պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին զանգելն ու հաղորդագրություն ուղարկելը:
«Ես զանգել եմ ոստիկանությունում աշխատող մի աղջկա, էդ աղջկան հավանում եմ, նրան ոչ մի վատ բան չեմ ասել, ոչ էլ գրել, ընդամենն ասել եմ, որ ուզում եմ հետը ամուսնանալ: Հետո իր վարորդը զանգահարեց ինձ, տեսանք իրար, ասաց, որ հեռու մնամ՝ ընկեր ունի: Ես էլ ասացի՝ խնդիր չկա, եթե ընկեր ունի չեմ անհանգստացնի, բայց ես գիտեի, որ ընկեր չունի»,-ասաց նա:
Էդմոն Խաչատրյանի խոսքով, հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն:
«Հետո առավոտ շուտ քնած էի, եկան պիժամայով էի, ուզում էին տանել ոստիկանություն: Ասի՝ թողեք գոնե շալվարս հագնեմ, նոր տարեք: Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով եւ ձեռքերով: Ես չգիտեմ, թե ոստիկանապետն ինչ խնդիր ունի իմ հետ, ինչու ինձ ծեծեց, կամ ինչ կապ ունի էդ աղջկա հետ»,-պատմեց նա:
Նա նշեց, որ այս պահին Գորիսի հիվանդանոցում է եւ ունի գլխի, դեմքի եւ վզի վնասվածքներ, իր մայրն արդեն դիմել է ոստիկանություն եւ հետեւողական է լինելու, որպեսզի իրեն ծեծի ենթարկողները պատասխանատվության ենթարկվեն:
NEWS.am-ի ճշտող հարցին՝ արդյոք ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է, Էդմոն Խաչատրյանը դրական պատասխան տվեց:
Նշենք, որ Գորիսի ոստիկանությունում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ կա, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են կատարվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն այլ ոստիկանների հետ ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել, նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին: Մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, ավելի ուշ նա կրկին վերականգնվել էր նախկին աշխատանքին:
Այս նյութը դիտել են - 1965 անգամ