Հայաստանի դիվանագետներն այցելեցին Արցախ
2017-03-01 17:28:00

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելեցին Արցախ:

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղում ծանոթացան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հերթական ռազմական արկածախնդրությունների արդյունքում տիրող իրավիճակին:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում հանդիպեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:Հանգամանալից քննարկվեցին 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անցնող տարվա ընթացքում ագրեսիայի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:Շեշտվեց Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված օրինակելի և սերտ փոխգործակցությունը:

Արցախի նախագահը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներից հետո ձեռնարկվելիք քայլերը, պետականաշինության գործում ձեռքբերումները:Իրականացվեց մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում Արցախի զարգացման հեռանկարների շուրջ:

Նախագահ Սահակյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց այն համալիր ջանքերի համար, որ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ կենտրոնական ապարատը և դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Նախագահ Սահակյանը Արցախի պետական պարգևներ հանձնեց Հայաստանի մի խումբ դիվանագետների։Ընդլայնված հանդիպումից առաջ առանձնազրույց կայացավ նախագահ Սահակյանի և արտգործնախարար Նալբանդյանի միջև։

Այս նյութը դիտել են - 4537 անգամ