Տիկին Զոհրաբյանը հերքում է ոստիկանության հայտարարությունը Politik
2017-03-02 03:36:00


«Սայաթ- Նովա գյուղի մեր ակտիվիստը  դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի՝ ՀՀԿ թիմակցի կողմից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով երեկ Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած դանակահարությանը:

«Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել և փառք Աստծո, նոր ճշտեցինք՝ վիճակը կայունանում է: Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:

Նաիրա Զոհրաբյանը կրկին է կոչով դիմում բոլոր նրանց, ովքեր ընտրությունը փորձում են  վերածել կենաց և մահու պայքարի. «Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի  2-ին 3 չի հետևելու: Մի արեք: Առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու  գլադիատորական, ցլամարտի հարթակ:

Մի փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է պարունակում քաղաքական պայքարի համար:

Հորդորով դիմում եմ այն  թեկնածուներին, մասնավորապես Մասիսում իրենց բեսպրեդել համարող ՀՀԿ թեկնածուին, որն ամենուր  հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն  ամեն ինչ թույլատրված է` այդպես չէ:

Փորձեք ընտրողի քվեն շահել ձեր արած գործերով, ձեր հեղինակությամբ, եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել և հայտարարել էր, որ դանակահարությունը չուներ քաղաքական ենթատեքստ.«Կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում»,-նշվում էր ոստիկանության հայտարարության մեջ:

Փաստորեն տիկին Զոհրաբյանը հերքում է ոստիկանության հայտարարությունը և հաստատվում է այն լուրերը, որոնք իսկզբանե տարածվել էր մամուլի էջերում, այն է՝ դանակահարությունը կատարվել է քաղաքական նպատակով:

politik.am

Այս նյութը դիտել են - 2024 անգամ