Շահեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երկրորդ օրն է` ոստիկանները սպառնում են նստացույցի մասնակիցներին՝ արգելելով մասնակցել նստացույցին կամ գալ Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։
Նստացույցի նախաձեռնող Շահեն Հարությունյանն ասում է, որ նստացույցի առաջին գիշերը ոստիկանները մոտեցել են մասնակիցներին, պահանջել նրանց տվյալները` հավաստիացնելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով են դրանք գրանցում, սակայն ցուցարարները առավոտյան պարզել են, որ այդ տվյալների հիման վրա ոստիկանները այցելել են իրենց բնակարաններ՝ համոզելով հետ կանչել Ազատության հրապարակում գտնվող իրենց հարազատներին։
Ինչպես պատմում է Շահենը` քիչ առաջ նստացույցի մասնակից Արթուրը, որն Ապարանից է միացել իրենց, ներողություն է խնդրել, որ այլևս չի կարող մասնակցել նստացույցին, քանի որ սպառնացել են, որ հիվանդանոցում աշխատող մորը կազատեն աշխատանքից։
«Բացի այդ, երկար ժամանակ այդ տղային պահել են Ապարանի ոստիկանական բաժնում ու ստիպել՝ թուղթ ստորագրի, որ ինքը այլևս չի մասնակցելու իմ կազմակերպած ցույցներին։ Սկզբից հրաժարվել է ստորագրել այդ թուղթը, մնացած հարցերին պատասխանել, բայց ոստիկանները միանգամից զանգել են հիվանդանոց, որտեղ մայրը բուժքույր է աշխատում, ու ասել, որ եթե հենց հիմա չես ստորագրում, մամայիդ գործից հանում ենք։ Էդ տղեն ստիպված ստորագրել է։ Ու հիմա ոստիկանները ամեն օր ժամը 9-ին զանգահարում են նրան, որ տեսնեն՝ տունն է, թե չէ»,- պատմեց Շահեն Հարությունյանը։
Նրա ներկայացրած մյուս դեպքը տեղի է ունեցել նստացույցի մասնակից աղջիկներից մեկի` Միկայի հետ, ում ծնողները բնակվում են Լեհաստանում, իսկ մյուս հարազատները` Գյումրիում: Վերջիններիս միջոցով էլ փորձել են աղջկան արգելել մասնակցել նստացույցին։
Շահենի փոխանցմամբ՝ երեկ Միկայի հորեղբորն են բերման ենթարկել, ապա ոստիկանները զանգահարել են Լեհաստան, աղջկա ծնողներին սպառնացել, որ արգելեն իրենց աղջկան մասնակցել նստացույցին։ Սակայն ծնողները ոստիկաններին հայտնել են, որ իրենք դեմ չեն, որ իրենց աղջիկը մասնակցի ցույցին` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա չափահաս է։ Ապա Գյումրու ոստիկանական բաժին են բերման ենթարկել Միկայի հորեղբոր որդուն, զանգահարել Միկային, հայտնել, որ աղջիկը պետք է ներկայանա բաժին` ցուցմունքներ տալու. «Դրանից հետո զանգահարում են Լեհաստան, այդ աղջկա ծնողներին ասում, որ եթե ձեր աղջիկը չներկայանա բաժին, հետախուզում ենք հայտարարելու, Լեհաստանից ձեզ բերենք էստեղ, իրան համալսարանից հեռացնենք»։
Հաշվի առնելով տեղի ունեցած միջադեպերը՝ այս գիշեր ցուցարարները հրաժարվել են որևէ մասնակցի տվյալ հաղորդելուց, ինչն էլ ոստիկանների հետ վիճաբանության առիթ է հանդիսացել. «Այս գիշեր շատ լարված է եղել։ Երբ չտվեցինք մեր տվյալները, նկատեցինք, որ ոստիկանության պաշտոնյաներ են եկել, կուտակումներ են լինում։ Կոնկրետ միտում ունեն իրանք՝ այս նստացույցի մասնակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու։ Ցանկանում են մարդկանց հատիկ-հատիկ տանել Ազատության հրապարակից։ Ով մտնում է հրապարակ, հինգ րոպե հետո նրա ամբողջ տվյալները ունենում են»,- ասում է Շահեն Հարությունյանը։
Զրույցի վերջում Շահենը ցանկացավ ընդգծել, որ իրենք «չուղղորդվող, չօգտագործով» երիտասարդներ են և դուրս են եկել ազնիվ պայքարի։