««Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությունում նշված է, որ գործադիր տնօրենն իրավունք ունի այլ աշխատանքով զբաղվելու, եթե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշում կա: Նման որոշում որևէ տեղ չի երևում, հետևաբար կարելի է պնդել, որ ի սկզբանե է խախտվել քաղծառայության մասին օրենքը»,– ասաց Անահիտ Բախշյանը:
Խոսելով հիմնադրամի 2016 թ–ին իրականացրած ծրագրերի մասին, նա նշեց, որ թեև անցյալ տարի 12 միլիոն 30 հազար դրամ է ծախսվել, սակայն դրանց մեծ մասը կազմակերպության կանոնադրական նպատակների հետ որևէ աղերս չունի: Կարճ ասած՝ հիմնադրամը չէր կարող ազատամարտիկի տան տանիքի վերանորոգման կամ մեկ այլ ազատամարտիկի ընտանիքի անդամի ուսման վարձը վճարել:
«Ես համոզված եմ, որ հիմնադրամի կողմից բանկում դրած գումարների տոկոսները մի քանի անգամ ավելի եղած կլինեն, իսկ իրենց գուծունեության մասին կայքում տեղադրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացնում: Արթուր Աղաբեկյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պարտավոր է այս ամենի մասին բացատրություններ տալ հասարակությանը»,– ասաց Ա. Բախշյանը:
Բախշյանն անձամբ փորձել է հանդիպել Ա. Աղաբեկյանի հետ և ստանալ իրեն ու հասարակությանը հուզող հարցերի պատասխանը, սակայն բոլոր փորձերը ապարդյուն են անցել, իսկ հիմնադրամի տնօրեն Ս. Սեդրակյանի հետ հանդիպումը բավականին հետաքրքիր է եղել:
«Երբ հարցրեցի, թե ինչ նպատակով է ցանկանում ինձ հետ հանդիպել, ինքն ասաց, որ ուզում է աչքը աչքին նայելով զրուցել ինձ հետ: Ես սիրով համաձայնեցի, բայց մեր հանդիպումից հետո նա նախարարությունից ազատվելու դիմում ներկայացրեց: Հետաքրքիրը, սակայն, այն էր, որ իմ ներկայացրած փաստերից նա բավականին զարմանում էր»,– ասաց Ա. Բախշյանը:
Ա. Բախշյանի ներկայացրած փաստերը խիստ զարմացրել է Ս. Սեդրակյանին, երբ նա իր ստորագրությունը տեսել է մի փաստաթղթի վրա, որտեղ սևով սպիտակի վրա գրված է եղել, որ «Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ:
«Թե ինչպես է ինքը ստորագրել մի թղթի տակ, որից տեղյակ չէ, պարզ չէ: Մյուս բացահայտումը, որից կրկին նա խիստ զարմացավ այն էր, որ հիմնադրամի տնօրենը հաշվետվությունները ժամանակին և պատշաճ չներկայացնելու պատճառով մի քանի անգամ տույժի է ենթարկվել: Ախր սա աբսուրդ է, և այս ամենի պատասխանը պետք է տա Արթուր Աղաբեկյանը»,– ասաց Ա. Բախշյանը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ մինչև վերջ է գնալու և չի նահանջելու, մինչև հարցերը չպարզի, իսկ պահանջը մեկն է՝ այդ գումարից 1 միլիոն դոլար տրամադրել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի վերանորոգման և այլ աշխատանքներ իրականացնելու համար: Նրա կարծիքով՝ դա կլինի չարիքի փոքրագույնը, և այդ դեպքում միայն հնարավոր կլինի ասել, որ այդ հիմնադրամը գոնե մի լավ գործ արել է:
«Եթե դա չարեց, ապա ես պետք է երկրորդ անգամ դիմեմ Դատախազություն: Առաջին անգամ Դատախազությունը չարձագանքեց իմ դիմումին, բայց սա և՛ կոռուպցիա, և՛ գողություն, ինչ ասես կարող է լինել: Փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ժամանակ ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, բայց իմ դիմումն անտեսվել է: Եվ եթե Կոստանյանի հրաժարականից հետո նոր դատախազը չի անդրադարձել նախկին դիմումներին, ապա դա ավելի վատ բաների մասին է խոսում»,– ասաց Ա. Բախշյանը:
Նրա պնդմամբ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Աղաբեկյանը շարունակում է խեղաթյուրել իրականությունը և փորձում է մարդկանց ականջներից «վերմիշելներ» կախել, ինչը շատ պարզունակ քայլ է, համոզված է Ա. Բախշյանը, բայց Աղաբեկյանը ոչ թե պետք է նման ձևով իրեն դրսևորի, այլ հիմնադրամի շուրջ գոյացած մշուշը ցրելու հստակ քայլեր ձեռնարկի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 1984 անգամ