Դատավորի հրազենային վնասվածքի դեպքում կարիք չկա գործ հարուցելու․ «կմեծանա՝ կմոռանա» «Հրապարակ»
2017-03-02 21:50:00

Մամուլը գրել էր, որ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, գնացել է որսի եւ անզգուշությամբ կրակել իր ոտքին: «Հրապարակը» հարցում էր արել դատախազություն` պարզելու, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է այս դեպքով:

Օրերս ստացանք մեր հարցման պատասխանը, որում նշված է, որ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ բացակայել է հանցագործության դեպքը:

Իհարկե, որեւէ կասկած չունենք, որ դատավորի զենքն օրինական է եղել, առավել հետաքրքիր է դատական իշխանության ներկայացուցչի սերը որսի հանդեպ, հատկապես, երբ այդ սերն ավարտվել է հրազենային վնասվածքով, իսկ տարածքում գտնվողների բախտը բերել է այնքանով, որ «վատ որսորդի» գործողություններից իրենք չեն տուժել:

Հետաքրքիր է նաեւ, թե ինչ է որսացել Դավիթ Բալայանը, գուցե Կարմիր գրքում գրանցված կենդանի կամ թռչո՞ւն:

Այս հարցերն իրավապահներին դժվար թե հետաքրքրեն, շարքային քաղաքացու դեպքում մի քերծվածք ստանալիս հարյուր ոստիկան ու քննիչ են այցելում, իսկ դատավորի հրազենային վնասվածքի դեպքում կարիք չկա գործ հարուցելու․ «կմեծանա՝ կմոռանա»:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 2020 անգամ