Արթուր Սարգսյանի կյանքը քաղաքական գործոն է Hraparak
2017-03-03 23:32:00
Երեկ առավոտից լուրեր էին պտտվում, թե դատախազությունը պատրաստվում է փոխել Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել։ Կեսօրին հայտնեցին, որ Սարգսյանի դիմումը դեռ քննարկվում է, բայց մարդիկ ողջ օրվա ընթացքում լավ լուրի էին սպասում։ Ինչո՞ւ էին քննարկումն այդքան ձգձգում։ Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն, դատախազությունը չէին կողմնորոշվում, թե ինչ հիմքով ազատեն կալանքից։ Տեղին է հիշել էշ նստելու ու էշից իջնելու մասին ասացվածքը։ Ընդ որում՝ այս նույն «էշին» դատախազությունը նստեց երկրորդ անգամ, երբ փետրվարի 9-ին կրկին կալանավորեց Ամանորից առաջ ազատ արձակված Հաց բերողին։ Ի՞նչն է փոխվել։ Ինչո՞ւ հանկարծ նորից որոշեցին կալանավորել։ Մեր հարցերին պատասխանում է Արթուր Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը։
- 2016 թ․ դեկտեմբերի 30-ին դատախազությունը, հաշվի առնելով բժշկական եզրակացությունը, որով հաստատվել է Արթուր Սարգսյանի մոտ հիվանդության առկայությունը, Բեխտերեւի հիվանդության մասին է խոսքը, համարել է, որ նրա կողմից նախաքննությունից խուսափելու ու նոր հանցանք կատարելու ռիսկը նվազագույն է, եւ խափանման միջոցի փոփոխության որոշում է կայացրել։ Այս որոշման մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ հիվանդությունը նախատեսված է կառավարության 825 Ն որոշմամբ, անհամատեղելի է կալանքի հետ կամ համատեղելի է՝ ոչ մի խոսք։ Եվ շատ լավ է, որ ոչ մի խոսք չկա։ Հետեւաբար, այդ հարցն էական չէ այս պահին կալանքի քննարկման շրջանակներում։ Որովհետեւ հիմա, 2 ամիս անց Արթուր Սարգսյանն ունի նույն հիվանդությունները, որոնք ուղղակի ավելի սրված են կալանքի եւ տեւական հացադուլի պատճառով։ Այժմ նա նույնիսկ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գամված է մահճակալին։ Ո՞նց եղավ, որ նոր հանցանք կատարելու ռիսկը դեռ առկա է։ Հիմա նրան կալանքի տակ պահելու հիմքերն առավել եւս բացակայում են։ Այստեղ մենք էլի բախվում ենք դատախազության կամայական հայեցողությանը, որը տվյալ դեպքում Արթուրի նկատմամբ հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի դրսեւորման։
- Բայց դատախազությունը պատճառաբանում էր, որ Արթուրին առաջարկել են քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, նա հրաժարվել է։
- 21 օր Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է, եւ միայն մարտի 1-ին են նրան առաջարկել տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Պետությունը, հասկանալով, որ ծայրահեղ մեծ է պատասխանատվությունը նման իրավիճակում Արթուրի կյանքի եւ առողջության համար, այդ քայլին գնացել է։ Նախ՝ այն ուշացած է։ Երկրորդը՝ այն պատասխանատվությունից խուսափելու միտում է պարունակում։ Թեեւ Արթուր Սարգսյանը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, բայց այդ հրաժարումն ինքնին չի ազատում պետության նրա կյանքի եւ առողջության համար պատասխանատվությունից։ Եվ նրա հրաժարումն է կամավոր, եւ նրա հացադուլն է կամավոր։ Ամեն դեպքում, պետությունը պետք է կրի պատասխանատվություն։
- Ի՞նչ քննչական գործողություններ են կատարել Արթուր Սարգսյանի հետ։
- Դեկտեմբերի 30-ից հետո, ինչ նրան ազատ են արձակել, նրա հետ կատարվել է 2-3 քննչական գործողություն։ Հունվարին մի անգամ կանչել են հարցաքննության, միակ հարցը եղել է՝ արդյոք «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ մինչեւ հուլիսի 17-ը որեւէ հարաբերություններ ունեցե՞լ եք, թե՞ ոչ։ Նա պատասխանել է, որ ծայրահեղ հիասթափված է քննչական մարմնի պրոֆեսիոնալիզմից, որ մինչեւ հիմա այդ հարցի պատասխանը չունի, թեեւ, ինձ թվում է, ունեք, ուղղակի ձեւական կանչում եք հարցաքննության։ Փակվել է հարցաքննությունը։ Այլ հարցեր քննիչը չի կարողացել գեներացնել։ Ընդ որում, բոլոր գործողություններն անձամբ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն է արել նրա հետ։ Երկրորդ գործողությունը, որին մասնակցել ենք հունվարին, եղել է հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցելը, որը տվել է եզրակացություն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է ծանր հիվանդություն, ծանր փուլում, որն առկա է ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Հունվարի 31-ին նախաքննության մարմինն այդ եզրակացությունն ստացել է եւ նույն օրը որոշում է կայացրել, նշանակել է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որը կատարվել է փետրվարի 2-8-ը, ու 8-ին տվել է 180 աստիճանով հակառակ եզրակացություն, որ՝ այո, Արթուր Սարգսյանի մոտ այսինչ հիվանդություններն առկա են, բայց նա չունի բուժման կարիք, եւ նրա հիվանդությունն անհամատեղելի չէ ազատազրկման հետ։ 8-ին ստանալով այդ եզրակացությունը, ամսի 9-ին Սարգսյանին ձերբակալել են, դրա տակ դնելով, իբր, ամսի 3-ին ու 4-ին չներկայանալու հանգամանքը։
- Որքան գիտեմ, բանավոր պայմանավորվածություն էր եղել քննիչի հետ՝ օրը տեղափոխելու վերաբերյալ։
- Ամսի 3-ին եւ 4-ին նրան քննչական գործողության հրավիրելու կապակցությամբ Էդիկ Հակոբյանի հետ ձեռք ենք բերել համաձայնություն՝ այն ամսի 6-ին, 9։30-ին անելու։ Ամսի 6-ին գնացել ենք եւ մասնակցել ենք քննչական գործողություններին, որոնց ընթացքում մի հարց է եղել՝ ո՞ր պոլիկլինիկաներում եք հաշվառված եղել։ Հարցաքննությունն ավարտվել է, այնուհետեւ ներկայացրել են նոր հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը։ Այս ամենը՝ «Սասնա ծռերի» գործով նախաքննության շրջանակներում։
- Իսկ վերջին կալանավորումից հետո՞ ինչ գործողություն են արել։
- Նրա հետ՝ ոչ մի։ Առաջարկել են մեղադրանքի կապակցությամբ ցուցմունք տալ, հրաժարվել է եւ վերջ։
- Իսկ ինչո՞ւ կալանավորեցին, որ ի՞նչ անեն։
- Այ, հենց դա է հարցը։ Ո՞րն է այն բավարար հիմքը, որ մտածես, այս հարցին պատասխանելու, թե մարդը կարող է խուսափել գալուց։
- Բոլորը մտածում են, որ Հաց բերողին ձեւական են պահում։ Ինքն ի՞նչ է ասում։
- Ինքը կարծում է, որ իր համարձակության համար պատժելու նպատակ է հետապնդում կալանքը, եւ հանրությանը որպես դաս ցուցադրելու։
- Հնարավո՞ր է, որ նրան փորձում են հետ պահել քաղաքական պրոցեսներից։ Եթե նա իր բարձր ռեյտինգով կանգնի որեւէ ուժի կողքին, ապա այդ ուժը վտանգավոր կդառնա ՀՀԿ-ի համար։
- Հուսանք, որ այդ հարցին նա ինքը շուտով հնարավորություն կունենա պատասխանելու։
- Հիմա ի՞նչ հիմքով կազատեն, եթե ազատեն։
- Դատախազությունը փորձելու է այնպիսի ձեւակերպում գտնել, որ, կոպիտ ասած՝ անմարդկային եւ օրենքի հետ կապ չունեցող մրցակցության մեջ են, ու փորձելու են այնպիսի որոշում թողարկել, որով ոչ իրենց սխալը կընդունվի, ոչ էլ մեր դիրքորոշումները կպաշտպանվեն։ Դրա ամենահարմար տարբերակը, երեւի, պատգամավորների երաշխավորագրերն են։ Այնինչ այդպիսի երաշխավորագրեր մինչ այդ էլ գործում եղել են։ Օգոստոսին 5 պատգամավոր պահանջել են նրա ազատումը, բայց դատախազությունն անտարբեր է մնացել։ Ամեն դեպքում, սա հիմք չէ, ավելի էական հանգամանքներ ու փաստեր կան, որոնք հաշվի առնելով՝ նրա նկատմամբ կալանքը պետք է վերացվի։

ՀԳ․ Արթուր Սարգսյանի կյանքը քաղաքական գործոն է, եւ նրան ազատ արձակելու ամենաէական հանգամանքն այն է, որ նրա մահը հիմնովին «կհարամի» եւ անվերահսկելի կդարձնի ԱԺ ընտրությունները։ Իրավական ձեւակերպումները ծառայելու են այս սարսափն անտեսանելի դարձնելուն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
hraparak.am
Այս նյութը դիտել են - 28888 անգամ