Եղբոր կորուստը նրա թաքնված էության մեջ է
2017-03-06 02:31:00
Արմինե Մուրադյան` իր գործի ազնիվ նվիրյալ, նուրբ ու մաքուր հոգի, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի կրթության գծով առաջատար մասնագետ, ով երկու տասնյակ տարի է, ինչ համատեղության կարգով աշխատում է նաև Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 
Ճակատագիրն այլ վախճան էր կանխորոշել նրա եղբոր համար` դառն ու վշտամորմոք: Այդ վիշտը միշտ նրա թաքնված էության մեջ է, որ երբեմն լռում է, երբեմն` հորձանք տալիս` բացելով նոր հիշողություններ` արտասվախառն ու մղձավանջով լի: Նրա հետ զրուցում եմ եղբոր մասին…Նա փորձում է իրեն տիրապետել, բայց օժտված է նուրբ զգացողությամբ, և, ինչպես միշտ, այս անգամ էլ չի ստացվում. արցունքները խանգարում են:
Նորից խախտում եմ լռությունը...Հոգեպարար զգացումների նրբությամբ է պատմում նրա մասին` քնարական քնքուշ պատկերներով, անձնական ապրումների հուզումնալից պահերով, որ գալիս են լրացնելու Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ծնված երիտասարդի ուսումնական ու աշխատանքային տարիները, ով իր մանկավարժական գործունությունն սկսել էր հարևան Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցում` որպես զինղեկ և ֆիզկուլտուրայի ուսուցիչ, և առաջիններից մեկը եղավ, որ անդամագրվեց ֆիդայական ջոկատներին: 
Արմինեն ինձ հանձնեց մի քանի հրապարակումներ, որտեղ արձանագրված էին տարբեր ինքնապաշտպանական մարտերի մասնակցած եղբոր անցած կյանքի հերոսացման պահեր, որ վերջինը դարձան 1992 թվականի հուլիսի 3-ին Մարտակերտի մատույցներում` ցորենի ծխացող արտում: Սարսռաց հոգիս, երբ ընթերցեցի Գրիշայի ու նրա մարտական ընկերների մասին, որ հասկի ցողունի պես ձգվեցին նրանք, ձգվեցին դեպի լույսն ու հավերժացան:
«Կրակի օղակը հետզհետե սեղմվում էր` ետևում թողնելով ծխացող հասկեր` խանձված հույսի պես: Կրակից դուրս գալու համար տղաները փորձեցին օգնել իրար: Ուշ էր: …Բոցի օղակը մոտեցավ Գրիշային: Հիշեց տխուր մի պատմություն խարույկ բարձրացված մարդու մասին: Հիշեց ու սարսռաց: Սարսռաց ու կրակեց վերջին անգամ: Գրիշայի բախտին արժանացան չորս վաղուհասցիներ ևս: Հետո…հետո լաց եղավ. լաց եղավ գյուղը. ոռնաց խելացնոր Վաղուհասը` թաղելով հինգ խանձված երազ» /Դ. Շիրինյան/:
Եղբոր անողոք բացակայությամբ ամայացավ Արմինեի հոգին, բայց մնաց ամուր կանգնած հայրենի հողին, եկավ այն ցորենի արտերին մոտիկ ապրելու, որ արտասվախառն աչքերով տեսնի ցանած ցորենի հասկերի օրորը, երկնքում ցանված աստղերի լույսերն արտերի վրա, տեսնի անմահացած եղբոր գալիքի ճամփան, որ հասկերի ծփանքից է սկսվում: Կսկծացող սրտով մայրը երկրի նախագահից պիտի ստանար հետմահու պարգևատրված Գրիշա Մուրադյանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը` որդու հերոսացման ու հայրենիքին մատուցած գնահատանքի պարգևը, բայց մայրական սիրտը երկար չդիմացավ, տարիներ առաջ նա հեռացավ կյանքից` հայացքն այն հեռուներում ծխացող ցորենի արտերին:
Հայրենի գյուղի դպրոցը կոչվում է Գրիշա Մուրադյանի անունով: Վերջերս` փետրվարի 18-ին, լրացավ հայրենյաց նվիրյալի ծննդյան 50 տարին: Նորից հիշատակվեց մի կյանք, նոր խոսքեր հնչեցին խիզախ հայորդու մասին, իր անվամբ կնքված նրա փոքրիկ զարմիկի` Գրիշայի և մյուսների շուրթերով նորից հավերժացավ մի կյանք, մի նոր էջ ավելացավ նահատակ ազատամարտիկի անմահացած կենսագրությանը` ցորենի արտերի ծփանքից ծնված, գալիքին հառած ոսկե հասկերով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 11559 անգամ