«Արա Հայկ, թուղթ ու գրիչ վերցրա, դժվա՞ր ա», նյարդայնացավ Գագիկ Ծառուկյանը Lragir2017-03-07 03:41:00

Տավուշի մարզի Բերդ քաղաքում Ծառուկյան դաշինքի հանրահավաքի ժամանակ այսօր Գագիկ Ծառուկյանը մարդկանց խոստանում էր լուծել բոլոր խնդիրները ու նկատողություն անում իրեն ուղեկցող ԲՀԿ թեկնածու Հայկ Ղուկասյանին. «Լավ չես աշխատում, Հայկ»:
Մարզի բնակիչները տարբեր հարցերով մոտենում էին Ծառուկյանին, նա էլ հանձնարարում էր, որ խնդիրների լուծմամբ զբաղվի Հայկ Ղուկասյանը:
Ի պատասխան Ղուկասյանը բանավոր կրկնում էր՝ հա, հա: «Հայկ ջան, հա-ով չի, է, գործ արա, լավ չես աշխատում», նրան հորդորում էր Ծառուկյանը:
Մի քանի անգամ հանձնարարելուց հետո, որ Հայկ Ղուկասյանը թուղթ ու գրիչով ֆիքսի մարդկանց դժգոհությունները, որպեսզի հետո հիշի ու լուծում տա դրանց և տեսնելով, որ իր հանձնարարականը չի կատարվում՝ Ծառուկյանի նյարդերը տեղի տվեցին. «Արա Հայկ, թուղթ ու գրիչ վերցրա, դժվա՞ր ա: Գրի Հայկ, ինչի՞ չես գրում»:
Ի պատասխան Ղուկասյանն արդարացավ, թե բոլորին ճանաչում է, օրական հինգ աշխատողներ չեն հասցնում պատասխանել բնակիչների զանգերին, միշտ աշխատում է:
«Պարոն Ծառուկյան ջան, ես հեսա ձեզ ճամփում եմ ու գործով զբաղվեմ», ասաց նա:
Տավուշցիները Գագիկ Ծառուկյանին դիմեցին տարբեր խնդիրներով՝ առողջականից մինչև կեցաղային: «Վաղը էս մարդու գազը քաշված ըլնի, Հայկ: Էս մարդու ավտոն կսարքես, Հայկ: Տիկին ջան, մինչև ընտրություններ եկեք վիրահատվեք, էս հարցը լուծենք, մի թողեք ընտրություններից հետո»,- խոստումներ էր տալիս Ծառուկյանը:
Մարդիկ նրանից նաև հետաքրքրվեցին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցերը ո՞նց են լուծվելու, նա ընտրությունների ժամանակ թվեր է նկարում:
Ի պատասխան Ծառուկյանը հայտարարեց, որ այս անգամ կեղծիքներ հնարավոր չէ անել: «Էս անգամ ընենց պայմաներ ա ստեղծված, որ ում ընտրես, էն էլ կլինի», ասաց նա:
lragir.am
Այս նյութը դիտել են - 1679 անգամ