«ԱՄՆ ճամփորդություններն արգելելու մասին նոր հրամանագիրն ունի լուրջ խնդիրներ» Ամերիկայի Ձայն
2017-03-08 00:35:00
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, թե ճամփորդություններն արգելելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր նոր հրամանագիրը որեւէ կերպ դրական փոփոխություն չի մտցնում հունվար ամսին նրա կողմից ստորագրված առաջին հրամանագրի համեմատ, չնայած այն հանգամանքին, որ Իրաքը հանվել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է։

Դեպի ԱՄՆ ճամփորդությունները մահմեդական 7 երկրներից ժամանակավորապես արգելելու մասին հունվար ամսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած առաջին հրամանագիրը երկրի օդանավակայաններում առաջ էր բերել մեծ խճողումներ, ինչից հետո հրամանագիրը կասեցվեց դաշնային դատարանների կողմից։ Սպիտակ տունը, պաշտպանելով նախնական այդ հրամանագիրը, հայտարարում է, թե դրա նորացված տարբերակի միակ նպատակը դատական վիճաբանություններից զերծ մնալն է։
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերով էլ, ճամփորդությունների արգելքի նպատակը այլ երկրներից դեպի ԱՄՆ ահաբեկիչների մուտքը կասեցնելն է։ 

Դեմոկրատ կոնգրեսականները հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո հանդես եկան այն դատապարտող հայտարարություններով։ Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի խոսքերով, ՝՝Այն ներկի մի նոր շերտ է այն ավտոմեքենայի վրա, որն առանց այն էլ չէր աշխատում՛՛։

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների կարծիքով, հրամանագրի փոփոխված այս տարբերակը շարունակում է խտրականություն ցուցաբերել մահմեդականների նկատմամբ, ինչը նրանց խոսքերով, անօրինական է։
Ներգաղթյալների հարցերով ծրագրի անդամներից Լի Գելերնթի խոսքերով, ՝՝Այն չի հրաժարվում սահմանադրական լուրջ խնդիրներից, խնդիրներ, որոնք հենված են կրոնական խտրականության վրա։ Այդ պատճառով, մենք շարունակելու ենք հանդես գալ դրա դեմ՛՛, ասում է նա։

Սիրիացի փախստականները, որոնք պատրաստվում էին բնակություն հաստատել ԱՄՆ-ում, հոգնել են սպասողական ու անորոշ այս իրավիճակից։ ՝՝Մենք հույս ունեինք, որ նորացված տարբերակը ինչ որ հույս կտար մեզ։ Բայց, ավաղ, դա տեղի չունեցավ՛՛, ասում են նրանք։

Ինչ վերաբերում է իրաքցիներին, նրանք գոհ են այն առումով, որ այսպես կոչված ՝՝արգելվածների ցանկից՛՛ հանվել է իրենց երկրի անունը։

Մահմեդական 6 երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ արգելելու մասին գործադիր նոր հրամանագիրն ուժի մեջ է մտնելու մարտի 16-ից։ Այն ժամանակավորապես թույլ չի տալիս, որ Միացյալ Նահանգներ ճամփորդեն Սիրիայի, Իրանի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի անձնագրեր կրող անձինք։

Ամերիկայի Ձայն

Այս նյութը դիտել են - 3556 անգամ