Սփյուռքը Հայաստանում փող չի ներդնի` «էն վաղ էր, որ էշը կաղ էր» Hraparak2017-03-10 02:37:00
Հայկական ժողովրդական հայտնի խոսքի իմաստը, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք: Այս ասացվածքը ճիշտ եւ ճիշտ կիրառելի է այսօր մեր Սփյուռքի համար, հատկապես, երբ հարցը վերաբերում է «քսակը բացելուն»: Հայաստանի նախագահը գտնվում է Ֆրանսիայում: Ըստ պաշտոնական լրահոսի, հանդիպել է ֆրանսահայ եւ սփյուռքահայ գործարարների հետ, հրավիրել Հայաստան՝ ներդրումներ կատարելու, ասել է թե՝ «քսակը բացելու»:
Երեւանի դիրքերից նայելիս նախագահ Սարգսյանի հայտարարությունները կարեւոր են, կարելի է ասել՝ կենսականորեն անհրաժեշտ:
Մի կողմից՝ նախընտրական տարի է, եւ գոնե նվազագույնով պետք է տված խոստումները կյանքի կոչել, եւ ապա նաեւ՝ նախագահ Սարգսյանն ու իշխող քաղաքական մեծամասնությունն ստանձնել են մի կառավարության պատասխանատվություն եւ այն ինտեգրել իր մեջ, որն ըստ ամենայնի ներկայացրել է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենից հավակնոտ ներդրումային նախագծերի փաթեթը, որի գումարային արժեքը տատանվում է մոտ մեկ միլիարդից մինչեւ 3,2 միլիարդ դոլարի սահմաններում:
Նման փաթեթի ձախողումն ուղղակի նշանակում է Կարեն Կարապետյանի կաբինետի ձախողում, որը կարող է հղի լինել ամենից անակնկալ բացասական հետեւանքներով:
Այս ամենի ֆոնին կարելի է հասկանալ հայաստանյան իշխանությունների անհանգստությունը, նույնիսկ հայտարարությունների տեքստերում Սփյուռքի մաս կազմող եւ Սփյուռքում անառարկելի հեղինակություն հանդիսացող որոշ գործիչների հասցեին ուղղված ակնարկային անզգույշ արտահայտությունները: Սակայն այս ամենը բնական է միայն Երեւանից դիտած հայացքով:
Մինչդեռ, ասենք, ֆրանսահայ համայնքի կամ ամերիկահայ, կամ նույնիսկ ռուսահայ համայնքի տեսանկյունից եթե դիտարկենք իրավիճակը, եթե ոչ լրիվ այլ, ապա գոնե էականորեն տարբեր պատկեր կստանանք: Իհարկե, ֆրանսահայ եւ առհասարակ սփյուռքահայ մեծահարուստները սիրով մասնակցում են նման միջոցառումների:
Ի վերջո, պատվաբեր է «ազգային գործիչ» ներկայանալը, պետության առաջին դեմքի հետ շփվելը, սեղան նստելը:
Չէ՞ որ, իրենց միլիոններով հանդերձ, նույն սփյուռքահայ մեծահարուստի մեջ դեռ կենդանի են իր հոր կամ պապի ապրած հոգեվիճակները, գաղթականի, երկրորդ սորտի մարդու ապրումները, եւ նա դրանով ինքնահաստատվում է, նաեւ փորձում ձերբազատվել «անհայրենիքի» կամ «գաղթականի» հոգեբանությունից։ Այդ մասնակցությունը, փաստորեն, միայն դա է եւ ոչ ավելին: Իրականում սփյուռքահայ գործարարը չի ցանկանում դրամ տալ Հայաստանին կամ ներդրում անել Հայաստանի նման երկրում: Եվ ունի իր հիմնավորումները:
Նախեւառաջ՝ Սփյուռքը մեծ հաշվով արդեն վաղուց է դադարել հավատալ Հայաստանի գործող իշխանություններին: Սփյուռքը լավ է տեսնում այն վիճակը, որ կա Հայաստանում այսօր: Տեսնում է եւ համոզվում, որ պետք է իր «քսակն ամուր փակի» ՀՀ իշխանության համար։ Քանի որ Հայաստանից հեռացող յուրաքանչյուր ընտանիք մի պատմություն է տանում իր հետ Սփյուռք: Ու դրանցով Սերժ Սարգսյանի հիմնավորումները, հայրենասիրական կոչերը, քննադատությունն առ քսակը չբացողներն այլեւս արժեզրկված են կամ ունեն զուտ լոզունգային արժեք։ Երեւանն այդպես էլ չհասկացավ, որ Սփյուռք ասվածը խիստ վերացական եւ հարաբերական, նաեւ շերտավորված հասկացություն է, որտեղ հնարավոր է հասնել հաջողության միայն ինդիվիդուալ գործելաոճի եղանակով: Ընդհանուր օրինաչափություններ կամ ընդհանուր օրակարգ այնտեղ գոյություն չունի:
Պաշտոնական Երեւանն այդպես էլ չհասկացավ, որ ֆորմալ, ինստիտուցիոնալ կառույցներն արդեն սպառել են իրենց, իսկ դրանց բերած օրակարգն էլ այնքան անպատեհ, ժամանակավրեպ ու մաշված է, որքան Սփյուռքի նախարարության միջոցառումները: Պաշտոնական Երեւանը հիմա էլ չի ուզում հասկանալ, որ սփյուռքը, որպես ամորֆ, անհասկանալի ու գորշ զանգված, ամեն դեպքում կազմված լինելով մարդկանցից, ունի իր հեղինակությունները, որոնցից են նաեւ նրանք, որոնց ՀՀ նախագահն անվանում է «դժգոհներ» կամ «պահանջ ներկայացնողներ»:
Եվ դա բնական է, որովհետեւ երբ Նյու Յորքի կամ Սիդնիի, կամ Բուենոս Այրեսի, կամ Բեռլինի փողոցում եթե ես ասեմ, որ հայ եմ, ու չիմանան, թե դա որտեղ է, կամ խառնեն Ալբանիայի հետ, որպես «էթնիկ ճանաչողության անձնագիր», «այցեքարտ» բավական է, որ ես ասեմ, օրինակ, որ նույն ազգից եմ, ինչ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը կամ Շառլ Ազնավուրը, եւ ամեն բան կընկնի իր տեղը, իսկ եթե ես, օրինակ, ասեմ` ես ու Վիգեն Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը նույն ազգից ենք, հարց տվողին դա կտանի «Ալիսայի հրաշքների աշխարհը»:
Նույնիսկ թեթեւակի նեգատիվն այդ աշխարհահռչակ անձանց հասցեին մեզ կօտարի Սփյուռքից, կառաջացնի հակազդեցություն: Իսկ երկխոսելը պետք է լինի ոչ թե «նստել սպասելու» մեթոդով, այլ հետեւելով այն խոսքին, թե՝ «եթե սարը չի գալիս Մուհամեդ մարգարեի մոտ, Մուհամեդն ինքն է գնում սարի մոտ»: Իսկ եթե երկխոսությունը կայացավ, մյուս հարցերն ինքնին կարող են կարգավորվել:
Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ
hraparak.am
Այս նյութը դիտել են - 2904 անգամ