Դիվանագիտական էպոպեա2017-03-11 23:55:00
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանը` Օլեգ Եսայանը , պաշտոնապես հրաժարական է տվել :
Սերժ Սարգսյանի `մարտի 10-ի որոշմամբ նա պաշտոնապես ազատվել է աշխատանքից :
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանում այլևս նոր դեսպան ունի:
Ամեն անգամ, երբ այս կամ այն պաշտոնյան հեռանում է երկար զբաղեցրած պաշտոնից, ակամա ցանկություն է առաջանում հետհայացք գցել նրա թողած հետագծի ուղղությամբ ու հասկանալ` ինչ ժառանգություն է թողել նա մեզ:
Պետք է նկատել, որ պաշտոնից հեռացած դեսպանն այս իմաստով այնքան էլ պարծենալու տեղ չունի:
Նա մեր այն դեսպանների թվին է պատկանում, որի աշխատանքային տարիներին ոչ մի կերպ չես կարող միանշանակ գնահատական տալ:
Այս դիվանագետի աշխատանքի արդյունքները, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, անհնար է բավարար համարել:
Նրա դիվանագիտական առաքելությունն, անկասկած, գրեթե ամբողջովին անպտուղ էր:
Պետք չէ մոռանալ, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ներկայիս սառնությունը խորացման միտումներ սկսեց ցույց տալ հենց սկսած Օլեգ Եսայանի պաշտոնավարման ժամանակաշրջանից` 2010 թվականից`գալով-հասնելով մինչև 2016-ի ապրիլ, երբ, առանց չափազանցության, երկկողմ հարաբերություններն իսկական ճգնաժամային վիճակում հայտնվեցին:
Իհարկե, միգուցե ոմանք այս հարցում այնքան էլ հակված չլինեն Եսայանին մեղադրելու, բայց նույն ռուսները հայ-ռուսական հարաբերությունների ներկա կրիզը ավելի շուտ հակված են կապել հենց Եսայանի անգործության հետ:
Օրերս, ինչպես հայտնի է, Հայաստան էր ժամանել ռուսական մեդիայի հայտնի դեմքերից Վլադիմիր Սոլովյովն, ով ուղղակիորեն մեղադրանքներ էր հնչեցրել դեսպանի հասցեին: Դրանից հետո դեսպանը պաշտոնանկ արվեց:
Մի խոսքով` Եսայանն այս 7 տարիների ընացքում չհասցրեց որևիցե բանով աչքի ընկնել:
Թե ինչպես կդրսևորի իրեն նորանշանակ դեսպանն , իհարկե , ցույց կտա ժամանակը , բայց որ այստեղ ևս հարցականներ ու մութ կողմեր կան , ակնհայտ է :
Պարզվում է ` այս մեծ ու շեն աշխարհում գնացել - գնացել ու գտել են մեկին , ով սերտորեն կապված է օֆշորների հետ:
Ըստ շրջանառվող լուրերի ` նորանշանակ դեսպանի անունը կապվում է«Պանամյան հայտնի թղթածրարում » առկա FARWORTH CONSULTANCY CORP օֆշորային ընկերության հետ՝ https://offshoreleaks.icij.org/nodes/12208306
Թե ինչ է սա նշանակում, իհարկե դեռևս դժվար է ասել, բայց որ այս պարագայում ևս գործ ունենք ոչ այնքան լուսավոր պատմությունների մեջ ներգրավված դիվանագետի հետ, անխոս է:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 4030 անգամ