ՀՀ Ոստիկանության գործունեությունը գնալով ավելի ու ավելի է ձեռք բերում տեռորիզմին բնորոշ հատկանիշներ. ԱՄՆ Հայդուկ ՀԿ
2017-03-13 13:22:00

ՀՀ Ոստիկանության գործունեությունը գնալով ավելի ու ավելի է ձեռք բերում տեռորիզմին բնորոշ հատկանիշներ:

Հանցավորության դեմ պայքարելու կոչված պետական կառույցը բացահայտ անօրինական գործունեություն է իրականացնում:

ՀՀ Ոստիկանության Վանաձորի ծառայությունն երեկ հաղորդագրություն է տարածել, որ իրենց նախապատրաստված նյութերով պարզել են, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005թ. և  2006թ. ծնված) խաղալիս անգիտակցաբար պոկել են պատգամավորության թեկնածուի շենքի պատին փակցված քարոզչական պաստառը: Ահավասիկ, անմեղ մի հայտարարություն: Իրականությունը, ցավոք, այլ է:

11 տարեկան երկու երեխաների՝ Գառնիկ Արմենի Շահվերդյանին և Յուրա Հակոբի Զորանյանին, քաջարի ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության բաժին առանց ծնողներին տեղյակ պահելու, այնտեղ պահել մոտ հինգ ժամ, անօրինական հարցաքննել, ապա երեխաներին բերել են այդ չարաբաստիկ պոկված պաստառի մոտ, ստիպել են հեռուստախցիկի առջև հայտարարություն անել, կանչել են դպրոցի մանկավարժներին:

Երեխաներն այն աստիճանի են վախեցած, որ հրաժարվում են դպրոց գնալ:

Վերջում էլ տարածել են վերևում մեջբերված անմեղ հայտարարությունը: Մնում է շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ երեխաներին չեն գնդակահարել: Ենթադրում ենք, որ այս հերոսական օպերացիան իրականացրած ոստիկանները նույնպես երեխաներ ունեն, ում հայրական գորովանքով սիրում, փայփայում ու դաստիարակում են, թե ինչպես դառնալ ազատ ու անկախ, իրավական պետության լիիրավ քաղաքացիներ:

Լսեք, ընկերներ, դուք հո վայրենի չե՞ք:

Դիմում ենք ՀՀ Ոստիկանապետին` կոչով, խստորեն պատժելու այդ համազգեստավոր հանցագործներին: Պետության առանց այն էլ խարխլված հեղինակությունը պետք չէ լրիվ հավասարեցնել հողին:

ԱՄՆ Հայդուկ

Հասարակական կազմակերպություն

 

Այս նյութը դիտել են - 4592 անգամ